Հոդված 13. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 13. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը` գեոդեզիական պետական տեսչության միջոցով:
2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական տեսչական խնդիրներն են`
ա) գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բոլոր սուբյեկտների կողմից գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների պահպանման վերահսկողությունը.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքի գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, պարբերաբար հետազոտման և դրանց պահպանմանն ուղղված միջոցառումների վերահսկողությունը.
գ) գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովման, սերտիֆիկացման և ստանդարտների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.
դ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.
ե) քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական անվանումների ճիշտ արտահայտման նկատմամբ վերահսկողությունը.
զ) պետական և տեղական նշանակության (գերատեսչական) քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի պահպանման, նյութերի և տվյալների բազմացման ու օգտագործման, տեղեկատվության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը.
է) պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողությունը, բացառությամբ անշարժ գույքի միավորի սահմաններում կադաստրային քարտեզագրական աշխատանքների:
3. Գեոդեզիական պետական տեսչությունն իրավունք ունի`
ա) գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներից տեղեկատվություն ստանալ սույն օրենքով նախատեսված գործառույթների իրագործման համար, ինչպես նաև ծանոթանալ գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառին վերաբերող անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ.
բ) պահանջել գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների կազմակերպման ու կատարման, ինչպես նաև այդ աշխատանքների արդյունքով ստացված գեոդեզիական և քարտեզագրական նյութերի ու տվյալների կուտակման, հաշվառման, պահպանման, օգտագործման և իրացման կարգի հայտնաբերված խախտումների վերացման նպատակով տալ պարտադիր կատարման ցուցումներ, ենթարկել վարչական տույժերի, իրավասու պետական մարմիններին տրամադրել համապատասխան տեղեկատվություն:
4. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության վերահսկողության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: