Հոդված 27.1. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու կարգը
Հոդված 27.1. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու կարգը
1. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը: Փախուստը բացառելու և մշտական վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալված օղակավորվում են:
Սույն մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների վերարտադրությունը բնապահպանական և որսի համար օգտագործելու նպատակով կարող է իրականացվել` բացառելով պահվող կենդանիների միջտեսակային խաչասերումը:
2. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու տարածքների նվազագույն չափերը սահմանում է լիազորված մարմինը՝ ելնելով տվյալ կենդանու առանձնահատկություններից: Ձագերով և հղի առանձնյակների առողջությունը և կյանքի անվտանգությունն ապահովելու նպատակով դրանց համար պետք է ստեղծվեն հատուկ պայմաններ` հաշվի առնելով դրանց տեսակային առանձնահատկությունները:
Սույն մասով նշված չափերը չեն տարածվում այն վայրի կենդանիների վրա, որոնք բազմացվում և աճեցվում են ուսումնական փորձերի, կենսաբանական թեստավորման, սննդում կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու և արգասիք ստանալու նպատակներով:
3. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները, պահվում են`
1) կենդանիների վերարտադրություն իրականացնող տնտեսություններում` բուծման կենտրոններում.
2) կենդանաբանական այգիներում.
3) վնասված կենդանիների բուժում իրականացնող տնտեսություններում` վերականգնողական կենտրոններում.
4) որսորդական տնտեսություններում` կենդանիների վերարտադրության գոտիներում.
5) ֆիզիկական անձանց կողմից ստեղծված՝ սույն օրենքի 27.1 հոդվածի առաջին մասի պայմաններն ապահովող առանձնացված տարածքներում:
Նշված տարածքներում կենդանիները կարող են պահվել մեծավանդակներում, վանդակներում, տերարիումներում, ջրավազաններում, ակվարիումներում և այլ տարանջատված տեղերում:
4. Կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու և օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված տարածքներում լիազորված մարմնի կողմից այդ անձանց կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ նախապես կատարվում է վայրի կենդանիների՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հաշվառում, և տվյալները գրանցվում են կենդանական աշխարհի կադաստրում:
5. Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառումն իրականացվում է սույն օրենքով սահմանված ժամկետներում, իսկ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառումը` յուրաքանչյուր տարի: Հաշվառման տվյալները ենթակա են պարտադիր հրապարակման, այդ թվում` լիազորված մարմնի կայքէջում տեղադրելու միջոցով:
(27.1-ին հոդվածը լրաց. 26.03.14 ՀՕ-6-Ն)