Հոդված 26. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ և ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ
Հոդված 26. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ և ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ
Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության, առևտրի լիցենզիաները, ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, ինչպես նաև պահելու, կամ պահելու և կրելու թույլտվություններն ուժը կորցրած են ճանաչվում, եթե`
ա) ֆիզիկական կամ իրավաբանական անձը կամովին հրաժարվել է նշված լիցենզիաներից կամ թույլտվություններից, կամ լուծարվել է իրավաբանական անձը, կամ մահացել է զենքի սեփականատերը.
բ) ֆիզիկական կամ իրավաբանական անձը բազմիցս (մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ) խախտել է կամ չի կատարել սույն օրենքի կամ զենքի շրջանառությունը կանոնակարգող այլ իրավական ակտերի պահանջները.
գ) առաջացել են սույն օրենքով նախատեսված` լիցենզիաներ կամ թույլտվություններ ստանալու հնարավորությունը բացառող հանգամանքներ.
դ) ֆիզիկական կամ իրավաբանական անձը կատարել է իր տնօրինության տակ գտնվող քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների այնպիսի կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետևանքով փոխվել են դրանց ձգաբանական կամ մյուս տեխնիկական բնութագրերը:
Սույն հոդվածի «բ» կետում նախատեսված հիմքերով լիցենզիան կամ թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմանը պետք է նախորդի տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձին, լիցենզիա կամ թույլտվություն տված մարմնի կողմից արված նախնական գրավոր նախազգուշացումը, որում պարտադիր նշվում է, թե հատկապես ինչ իրավական նորմեր և կանոններ են խախտվել կամ չեն կատարվել, ինչպես նաև խախտումների վերացման ժամկետը:
Լիցենզիան կամ թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
Լիցենզիան կամ թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու դեպքում, այդպիսիք կրկին ստանալու խնդրանքով իրավաբանական անձինք կարող են դիմել լիցենզիան կամ թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու օրվանից հաշվված երեք տարին, իսկ ֆիզիկական անձինք` 5 տարին լրանալուց հետո:
Լիցենզիայից կամ թույլտվությունից կամովին հրաժարվելու դեպքում այդպիսիք կրկին ստանալու համար ժամկետներ չեն սահմանվում:
(26-րդ հոդվածը խմբ. 22.02.07 ՀՕ-122-Ն)