Հոդված 77.2. Իրավական և մասնագիտական հսկողության մարմինները
Հոդված 77.2. Իրավական և մասնագիտական հսկողության մարմինները
Իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող մարմինները մարզպետներն են, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը (այսուհետ` մարզպետ), որոնք իրականացնում են իրավական ու մասնագիտական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ:
Մարզպետը իրավական և մասնագիտական հսկողությունն իրականացնում է իրավական հսկողության բարձրագույն մարմնի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան։
Առանձին դեպքերում մարզպետը իրավական հսկողության բարձրագույն մարմնի գրավոր համաձայնությամբ կարող է իրականացնել ամենամյա աշխատանքային ծրագրում չընդգրկված միջոցառումներ։
Մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի, ինչպես նաև սույն օրենքի 77.2 -րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքում մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների կողմից կիրառվող բոլոր միջամտող միջոցառումները պետք է լինեն գրավոր և հիմնավորված:
Իրավական հսկողության բարձրագույն մարմինը համայնքում կարող է իրականացնել իրավական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ:
Իրավական հսկողության բարձրագույն մարմինը սահմանում է կառավարությունը:
Պետության պատվիրակած յուրաքանչյուր լիազորության իրականացման նկատմամբ
մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինը այն պետական մարմինն է, որի իրավասության մեջ է մտնում այդ լիազորությունը:
Մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները համայնքում պատվիրակված լիազորությունների նկատմամբ մասնագիտական և իրավական հսկողություն կարող են իրականացնել բացառիկ դեպքերում` բարձրագույն իրավական հսկողություն իրականացնող մարմնի գրավոր համաձայնությամբ, նրա կամ մարզպետի պահանջով:
Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ իրավական հսկողություն իրականացնող բարձրագույն մարմինն արդարադատության նախարարությունն է:
Մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի և մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների կողմից վարչական հսկողության իրականացման ընթացքում ձեռնարկվող միջոցները սահմանվում են բացառապես օրենքով: