Հոդված 4. Օրենսգրքի 95-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 4. Օրենսգրքի 95-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 95. Հայցադիմումի պատասխանը
1. Հայցադիմումը ստանալու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, պատասխանողը պարտավոր է դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ` դրան կցելով հայցի դեմ իր առարկությունները հաստատող փաստաթղթեր կամ ներկայացնել հիմնավորված միջնորդություն` մինչև երկու շաբաթ տևողությամբ լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ:
Պատասխանողը պարտավոր չէ ներկայացնել հայցադիմումի պատասխանը, եթե երկշաբաթյա ժամկետում ներկայացրել է հակընդդեմ հայց:
Սույն օրենսգրքով, գործերի քննության և լուծման երկամսյա ժամկետի համեմատ ավելի կրճատ ժամկետներ սահմանված լինելու դեպքում, պատասխանողը մինչև գործի քննությունն իրավունք ունի դատարան և գործին մասնակցող այլ անձանց պատասխան ուղարկելու հայցադիմումի վերաբերյալ` դրան կցելով հայցի դեմ իր առարկությունները հաստատող փաստաթղթեր:
2. Պատասխանում նշվում են`
1) դատարանի անվանումը.
2) հայցվորի անունը (անվանումը).
3) հայցվորի պահանջները լրիվ կամ մասնակիորեն մերժելու շարժառիթները, ինչպես նաև այդ պահանջների վերաբերյալ առարկությունները հիմնավորող ապացույցները.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի ցանկը:
Պատասխանում կարող են նշվել նաև այլ տեղեկություններ, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները:
3. Պատասխանն ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը:
Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիր:
Պատասխանողի ներկայացրած պատասխանը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դատարանն այն ուղարկում է հայցվորին:
4. Սույն հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությամբ նախատեսված պատասխանը չներկայացվելու դեպքում, դատարանն իրավունք ունի գործի նյութերով կայացնելու վճիռ, եթե դա հնարավոր է:»: