Անցնել բովանդակությանը

Հոդված 14. (+ հոդված 8) ● Խտրականություն ● Դիմումատուի որդու մարմինը և զոհված հայ զինծառայողների մարմինները վերադարձնելու հարցում տարբեր գործելակերպերի օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում ● Երկու երկրների միջև թշնամության և լարվածության ընդհանուր համատեքստ, որը տարբեր իրավիճակների դեպքում պահանջում է տարբեր միջոցառումներ ● Հետապնդվող նպատակին համաչափ այլ գործելակերպ ● Դիմումատուի որդու հետ կապված քրեական գործը վարելիս էթնիկ նախապաշարման որևէ դեպքի բացակայություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14 (+ հոդված 8) ● Խտրականություն ● Դիմումատուի որդու մարմինը և զոհված հայ զինծառայողների մարմինները վերադարձնելու հարցում տարբեր գործելակերպերի օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում ● Երկու երկրների միջև թշնամության և լարվածության ընդհանուր համատեքստ, որը տարբեր իրավիճակների դեպքում պահանջում է տարբեր միջոցառումներ ● Հետապնդվող նպատակին համաչափ այլ գործելակերպ ● Դիմումատուի որդու հետ կապված քրեական գործը վարելիս էթնիկ նախապաշարման որևէ դեպքի բացակայություն

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

5 հոկտեմբերի 2023թ

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

Գուրբանովն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Գեորգես Ռավարանի [Georges Ravarani]՝ Նախագահ,

Կարլո Ռանզոնի [Carlo Ranzoni],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Ստեֆանի Մուրու-Վիկստրյոմ [Stռphanie Mourou-VikstrՓm],

Մարիա Էլոսեգի [Maria Elցsegui],

Էրիկ Վեններստրյոմ [Erik WennerstrՓm],

Մաթիաս Գայոմար [Mattias Guyomar]՝ դատավորներ,

և Վիկտոր Սոլովեյչիկ [Victor Soloveytchik]՝ Բաժանմունքի քարտուղար,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության

մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Ադրբեջանի քաղաքացի պրն Սալման Գուրբանովի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2017 թվականի հունվարի 24-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 7432/17),

Հայաստանի կառավարությանը (պատասխանող Կառավարություն) գանգատի մասին ծանուցելու վերաբերյալ որոշումը,

պատասխանող Կառավարության կողմից ներկայացված դիտարկումները և դիմումատուի կողմից ի պատասխան ներկայացված դիտարկումները,

Ադրբեջանի կառավարության կողմից ներկայացված մեկնաբանությունները, որոնց Բաժանմունքի նախագահի կողմից շնորհվել է միջամտելու թույլտվություն,

2023 թվականի սեպտեմբերի 12-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Դիմումը վերաբերում է դիմումատուի բողոքներին՝ կապված նրա որդու մարմնի՝ Հայաստանի իշխանությունների կողմից ուշ վերադարձի հետ։ Ենթադրվում է, որ դա Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն հավասարազոր է անմարդկային վերաբերմունքի դիմումատուի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ, որոնց մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքները նույնպես խախտվել են նույն պատճառով, դրանով նաև նրանց թույլ չի տրվել մարմինը թաղել իրենց կրոնական ավանդույթների համաձայն՝ խախտելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածը: Կոնվենցիայի համապատասխանաբար 13-րդ հոդվածի և 14-րդ հոդվածի համաձայն բարձրացվել են բողոքներ, որոնցում պնդում են, որ վերոհիշյալ խախտումների համար չկան իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ, և որ մարմինը վերադարձնելու մերժման հիմքում ընկած պատճառները խտրական են:

ՓԱՍՏԵՐԸ

2. Դիմումատուն ծնվել է 1968 թվականին և ապրում է Բաքվում։ Նրան ներկայացրել է Բաքվում գործող իրավաբան պրն Ա. Բագիրովը։

3. Պատասխանող Կառավարությունը ներկայացրել է Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը։

I. Գործի նախապատմությունը

4. 2016 թվականի դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ռազմական բախումներ են տեղի ունեցել։ Դիմումատուի որդին՝ Չինգիզ Գուրբանովը, որը ծնվել է 1994 թվականին և եղել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, սպանվել է մարտերի ժամանակ, իսկ նրա մարմինը հայտնաբերվել է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում։

5. 2017 թվականի հունվարի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հետևյալ հայտարարությունը.

«Բաքուն և Երևանը շարունակում են միմյանց մեղադրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի համար, որը հանգեցրեց մարդկային զոհերի։ Հայաստանի զինված ուժերը դեռ իրենց մոտ են պահում մարտերում սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը։

Հրադադարի խախտումներն անթույլատրելի են և հակասում են այն պարտավորություններին, որ ստանձնել են Կողմերը, որոնք կրում են ամբողջ պատասխանատվությունը՝ ուժ չկիրառելու համար։ Համանախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խստորեն պահպանել 2016 թվականին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ հնարավորինս կարճ ժամկետներում վերջնական տեսքի բերել ԵԱՀԿ-ի՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմը։ Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ վերադարձնել աճյունները՝ըստ 2010 թվականին Աստրախանում բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության՝ հիշեցնելով խնդրի բացառապես հումանիտար բնույթը: Մենք կոչ ենք անում Կողմերին դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ քայլեր իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»։

6. 2017 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ այն ժամանակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն ասել է.

«Մենք մտահոգված ենք հակամարտության մարդասիրական ասպեկտով: Ես քաջատեղյակ եմ, որ դեկտեմբերի 29-ին հրադադարի խախտումը հանգեցրել է զոհերի, և որ Հայաստանի զինված ուժերը մինչ այժմ շարունակում են պահել մարտերում զոհված ադրբեջանցի զինծառայողի դին: Ես կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարը և լիարժեք կերպով պաշտպանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ անհապաղ վերադարձնել աճյունը՝ ըստ 2010 թվականին Աստրախանում բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հաշվի առնելով խնդրի բացառապես հումանիտար բնույթը»։

II. Գործի փաստական հանգամանքները

7. Գործի փաստական հանգամանքները վիճարկվել են։ Դրանք կարող են ամփոփ ներկայացվել հետևյալ կերպ.

Ա. Դիմումատուի կողմից ներկայացված փաստերը

8. Դիմումատուն պնդել է, որ 2016 թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան հայկական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ հատել են Ադրբեջանի սահմանը, որտեղ նրանք դարանակալվել են ադրբեջանական բանակի կողմից և տվել մի քանի զոհ։ Չինգիզ Գուրբանովը՝ դիմումատուի որդին, համարվել է անհայտ կորած, ավելի ուշ պարզ է դարձել, որ նա զոհվել է այդ հրաձգության ժամանակ, և որ նրա մարմինը տեղափոխվել է հայկական տարածք։

9. Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ): ԵԱՀԿ Մինսկի խումբը, ԿԽՄԿ-ն և Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը ջանքեր է գործադրել՝ ուղղված դիմումատուի որդու մարմինը հայրենիք վերադարձնելուն։ Ենթադրվում է, որ Հայաստանը ձգձգել է գործընթացը՝ պատճառաբանելով, թե այս հարցով քննությունն ընթացքի մեջ է։

10. 2017 թվականի փետրվարի 5-ին՝ դիմումատուի որդու մահից 38 օր անց, նրա մարմինը վերադարձվել է Ադրբեջան և հանձնվել նրա ընտանիքին։

Բ. Պատասխանող Կառավարության կողմից ներկայացված փաստերը

11. Պատասխանող Կառավարությունը պնդում է, որ 2016 թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան դիմումատուի որդին զոհվել է Հայաստանի Բիթլիս ռազմաբազայի (Տավուշի մարզ) տարածքում տեղի ունեցած ռազմական բախումների ժամանակ, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խումբը, որի կազմում եղել է նաև դիմումատուի որդին, ներթափանցման փորձ է արել։ Բախման ընթացքում զոհվել են նաև հայկական զինված ուժերի երեք զինծառայողներ (Շավարշ Մելիքյան, Էդգար Նարայան և Էրիկ Աբովյան)։

12. Նույն օրը հարուցվել է միջսահմանային միջադեպի առթիվ քրեական գործ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՔԴՕ) համապատասխան դրույթների հիման վրա։ Այնուհետև Հայաստանի քննչական մարմինների կողմից կատարվել են հանցագործության վայրի զննություն և դիմումատուի որդու մարմնի փորձաքննություն։ Մ.Դ.Հ.-ի, մոտակա հայկական քաղաքից դատաբժշկի և երկու ընթերակաների ներկայությամբ այդ միջադեպի առթիվ կազմված՝ մարմնի փորձաքննության մասին զեկույցի համաձայն՝ խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի հետքեր չեն հայտնաբերվել:

13. Մարմնի դատաբժշկական փորձաքննությունը նշանակվել է 2016 թվականի դեկտեմբերի 30-ին, հումանիտար սկզբունքներին համապատասխան, և հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են մտավախություն առաջացնել, որ դիմումատուի որդու մարմնին եղել են խեղման կամ անհարգալից վերաբերմունքի նշաններ, Հայաստանի իշխանությունները փորձաքննությանը մասնակցելու համար հրավիրել են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին, մասնավորապես՝ դատական բժշկությանը վերաբերող հարցերի համակարգողին, սակայն հրավերին պատասխան չի ստացվել, քանի որ, ինչպես հետագայում պարզվեց, համապատասխան մասնագետն այդ պահին Հայաստանում չի եղել։ Այդ կապակցությամբ պատասխանող Կառավարությունը ներկայացրել է Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից հանված տեղեկությունները, որը ցույց է տալիս, որ Մ.Վ.-ն՝ ԿԽՄԿ-ի դատական բժշկությանն առնչվող հարցերի համակարգողը, մեկնել է Հայաստանից 2016 թվականի դեկտեմբերի 17-ին և նորից երկիր է մուտք գործել 2017 թվականի հունվարի 3-ին, Մ.Վ.-ն կրկին մեկնել է Հայաստանից հաջորդ օրը և վերադարձել է 2017 թվականի հունվարի 8-ին։

14. 2017 թվականի հունվարի 14-ին Մ.Վ.-ի ներկայությամբ մարմինը կրկին ենթարկվել է փորձաքննության։ Այդ օրը կազմված զեկույցում նշվում էր, որ խոշտանգումների հետքեր չեն հայտնաբերվել։ Մ.Վ.-ն հաստատել է այդ եզրակացությունները՝ նշելով նաև, որ մարմինը լավ պահպանված է եղել։

15. Վերոնշյալ երկու դատաբժշկական փորձաքննությունների հիման վրա (տե՛ս վերևում՝ 13-րդ և 14-րդ պարբերությունները) 2017 թվականի հունվարի 9-ին, 18-ին և 30-ին տրվել են լրացուցիչ կենսաբանական, քիմիական և քրեաբանական եզրակացություններ սեռական ոտնձգությունների կամ ալկոհոլից կամ թմրամիջոցներից թունավորման հետքերի բացակայության վերաբերյալ։ Վերջնական դատաբժշկական եզրակացությունները, որոնք հաստատել են հրազենային վերքերի հետևանքով մահը, տրվել են 2017 թվականի փետրվարի 22-ին։

16. 2017 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի ազգային դատաբժշկական մարմինը հայտնել է քննչական մարմիններին, որ դատաբժշկական փորձաքննություններն ավարտվել են, հետևաբար դիմումատուի որդու մարմինը պահելու անհրաժեշտություն այլևս չկա։

17. Հետևաբար 2017 թվականի փետրվարի 5-ին մարմինը փոխանցվել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին՝ Ադրբեջան հայրենադարձվելու նպատակով։ Դա կատարվել է նույն օրը։

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ

18. Տվյալ ժամանակահատվածում գործող ՔԴՕ-ի 102-րդ հոդվածով նախատեսվում էր, որ կողմերի կամ քրեական դատավարության այլ մասնակիցների կողմից ներկայացված բոլոր դիմումները և միջնորդությունները պետք է քննվեն և որոշվեն դրանք ներկայացնելուց անմիջապես հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենսգրքով: Այդ կապակցությամբ կայացված որոշումները պետք է պատճառաբանված լինեին և ծանուցվեին դիմումատուին կամ միջնորդություն ներկայացրած անձին, և դրանք ենթակա էին բողոքարկման:

19. Հայաստանի՝ տվյալ ժամանակահատվածում գործող քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պայմանով, որ Հայաստանի տարածքում հանցագործություն կատարած ցանկացած անձ Հայաստանի օրենսդրության համաձայն կենթարկվի քրեական պատասխանատվության, Հայաստանի տարածքում կատարված է համարվում այն հանցագործությունը, որը, ի թիվս այլնի, սկսվել, շարունակվել կամ ավարտվել է Հայաստանի տարածքում։

20. Առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանի 4-րդ՝ «Պետության կողմից երաշխավորված բժշկական ծառայության և օգնության շրջանակներում դատաբժշկական փորձաքննությունների կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին» հոդվածը սահմանում է մարմնի դատաբժշկական փորձաքննության խիստ ժամկետներ։ Այսպիսով, մարմնի զննումը կարող է տևել մինչև երեսուն օր, որը կարող է երկարաձգվել լրացուցիչ քսան օրով:

ԻՐԱՎՈՒՆՔԸ

I. Կոնվենցիայի 3-րդ, 8-րդ եՎ 14-րդ հոդվածներով նախատեսված բողոքների ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

21. Դիմումատուն բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 3-րդ, 8-րդ և 14-րդ հոդվածների հիման վրա նախ Հայաստանի իշխանությունների կողմից իր որդու մարմինն ընտանիքին չվերադարձնելու մասով: Այնուհետև բողոքը փոփոխվել է և վերաբերել մարմինը վերադարձնելը ենթադրաբար չափից ավելի ձգձգելուն, ինչի հետևանքով դիմումատուին թույլ չեն տվել պատշաճ կերպով հուղարկավորել իր որդուն, նա նաև պնդել է, որ ենթադրյալ խախտումները տեղի են ունեցել էթնիկ ծագման հիման վրա խտրականության արդյունքում։

Ա. Իրավազորությունը

22. Դատարանը պետք է առաջին հերթին որոշի, թե արդյոք գանգատվող հարցերի նպատակների համար (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը) Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով գանգատը մտնում է պատասխանող պետության իրավազորության մեջ։

1. Կողմերի փաստարկները

ա) Պատասխանող Կառավարությունը

23. Քանի որ բողոքարկվող հարցերը (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը) առաջացել են Հայաստանի տարածքում, և նշելով, որ Հայաստանի քրեական օրենսդրության համաձայն՝ Հայաստանի տարածքում ցանկացած հանցագործության քննություն իրականացվել է Հայաստանի իրավապահ մարմինների կողմից (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը), պատասխանող Կառավարությունն ընդունել է, որ գործի փաստական հանգամանքների քննությունը Հայաստանի իրավազորության մեջ է։

բ) Դիմումատուն

24. Դիմումատուն պնդում է, որ հաշվի առնելով, որ պատասխանող Կառավարությունը հաստատել է Հայաստանի իրավազորությունը սույն գանգատով բարձրացված բողոքների առնչությամբ, այլևս իրավազորության հետ կապված որևէ խնդիր չկա:

գ) Ադրբեջանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ

25. Ադրբեջանի կառավարությունը լիովին համաձայն է այս հարցի վերաբերյալ դիմումատուի դիրքորոշման հետ։

2. Դատարանի գնահատականը

26. Դատարանը նշում է, որ հաշվի առնելով դիմումատուի կողմից բարձրացված բողոքների բնույթը, որոնք բացառապես վերաբերում են Հայաստանի իշխանությունների կողմից նրա որդու մարմնի վերադարձին, և հաշվի առնելով նաև այս հարցի վերաբերյալ կողմերի պնդումները (տե՛ս վերևում՝ 23-24-րդ պարբերությունները)՝ սույն գործով Հայաստանի իրավազորության հարցը վիճելի չէ:

Բ. Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը

1. Կողմերի փաստարկները

ա) Պատասխանող Կառավարությունը

27. Պատասխանող Կառավարությունը պնդում է, որ ո՛չ դիմումատուն, ո՛չ Ադրբեջանի կառավարությունը չեն դիմել Հայաստանի իշխանություններին դիմումատուի որդու մարմինը հայրենիք վերադարձնելու համար, ո՛չ էլ պահանջել են դրա հետ կապված որևէ տեղեկություն։ Նրանք նաև պնդել են, որ համաձայն Հայաստանի ՔԴՕ-ի (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը)՝ դիմումատուն կարող էր քննությանն առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ դիմում ներկայացնել քննչական մարմիններ, ինչպես քրեական դատավարության ցանկացած մասնակից կամ, իսկապես, ցանկացած անձ, որի իրավունքները կամ պարտականությունները շոշափվում են քրեական գործով։ Այդպիսի դիմումը կարող է ներառել նաև մարմիններին ուղղված պահանջ՝ մարմինը վերադարձնել ընտանիքին, և եթե դիմումը մերժվել է, ապա այդ որոշումը բողոքարկելու իրավունք է եղել։ ՔԴՕ-ով սահմանված ընթացակարգը հստակ էր և հեշտությամբ հասանելի՝ այդ միջոցը դարձնելով արդյունավետ և լիովին համապատասխան Կոնվենցիայի 13-րդ հոդվածի դրույթներին (տե՛ս ստորև՝ նաև 79-րդ պարբերությունը):

28. Ավելին, սույն գործի հանգամանքները և նրանում բարձրացված բողոքներն էապես տարբերվում էին Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի [Chiragov and Others v. Armenia] գործով Դատարանի կողմից քննված գանգատներից ([GC] [ՄՊ], թիվ 13216/05, §§ 115-20, ՄԻԵԴ 2015թ.), որը վերաբերում էր Լաչինի շրջանում դիմումատուների ունեցվածքին և տներին հասանելիություն ունենալու մերժմանը (նույն տեղում, § 214), այդ էական տարբերությունը բավարար էր սույն գործով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության վերաբերյալ Դատարանի եզրակացությունները ոչ կիրառելի դարձնելու համար:

29. Պատասխանող Կառավարությունը նաև ընդունել է, որ Ադրբեջան պետության հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը կարող է դիտվել որպես գործնական խոչընդոտ, որը խանգարում է դիմումատուին ունենալ վերոնշյալ իրավական պաշտպանության միջոցին դիմելու հնարավորություն, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները ցուցաբերել են իրենց կամքն ու պատրաստակամությունը՝ համագործակցելու Ադրբեջանի համապատասխան իշխանությունների հետ, երբ անհրաժեշտ է փոխադարձ իրավական օգնություն:

30. Այդ ֆոնին պատասխանող Կառավարությունը պնդել է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող պատասխանատվություն կրել որևէ գործնական խոչընդոտի համար, ավելին, դիմումատուն որևէ կերպ չի հիմնավորել իր այն փաստարկն առ այն, որ Հայաստանի իշխանությունները պատշաճ ջանասիրություն չեն ցուցաբերել Ադրբեջանի քաղաքացուց ստացված ցանկացած պահանջով որոշում կայացնելիս: Ադրբեջանի քաղաքացիների կողմից կամ նրանց անունից արված որևէ պահանջի բացակայության պայմաններում, որոնք միշտ պնդել են, որ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված իրավական պաշտպանության միջոցներն անարդյունավետ են, պատասխանող Կառավարությունը չի կարողացել Դատարանին ներկայացնել որևէ օրինակ, որը ցույց կտա, որ իրավական պաշտպանության այդ միջոցներն իսկապես արդյունավետ են, և այդպես հարցը ձգձգվել է արատավոր շղթայով։

բ) Դիմումատուն

31. Դիմումատուն ընդգծել է, որ պատասխանող պետության և Ադրբեջանի միջև զինված հակամարտության արդյունքում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը նշանակում էր, որ Ադրբեջանի քաղաքացիները զգալի գործնական դժվարությունների են բախվել Հայաստանում դատական գործընթաց սկսելու և դրան հետամուտ լինելու հարցում, ավելին, հաշվի առնելով երկու երկրները կապող ցանկացած հուսալի փոստային ծառայության բացակայությունը, ինչպես նաև նրանց միջև սահմանի փակ լինելը՝ դիմումատուից չէր կարող պահանջվել Հայաստանում կիրառել իրավական պաշտպանության որևէ միջոց:

32. Բոլոր դեպքերում Հայաստանի իշխանությունների համագործակցելու պատրաստակամությունը կասկածելի է եղել՝ հաշվի առնելով նրանց՝ ԿԽՄԿ-ից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից և Եվրոպայի խորհրդից ստացված միջազգային կոչերին արձագանքելուց հրաժարվելը, որոնք նրանց հորդորել են վերադարձնել դիմումատուի որդու մարմինը (տե՛ս վերևում՝ 5-6-րդ պարբերությունները):

33. Վերջապես, քրեական դատավարության դրույթները, որոնց վրա հիմնվում են Հայաստանի իշխանությունները, ընդհանուր բնույթ են կրել և ուղղակիորեն չեն առնչվել դիմումատուի բողոքին, նույն կերպ, պատասխանող Կառավարության կողմից չի ներկայացվել որևէ կոնկրետ օրինակ, որով ցույց է տրվում իրավական պաշտպանության տվյալ միջոցի արդյունավետությունը:

գ) Ադրբեջանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ

34. Ադրբեջանի կառավարությունը պնդել է, որ իրենք որևէ դիվանագիտական հարաբերություն չեն ունեցել պատասխանող պետության հետ, և որ երկու պետությունների իշխանությունների միջև որևէ շփում չի եղել։

2. Դատարանի գնահատականը

35. Սույն գործով դիմումատուին հասանելի իրավական պաշտպանության ներպետական միջոցների արդյունավետության վերաբերյալ պատասխանող պետության փաստարկները գնահատելիս Դատարանը կանդրադառնա իր սկզբունքային եզրակացություններին վերջերս քննարկված Սարիբեկյանը և Բալյանն ընդդեմ Ադրբեջանի գործին [Saribekyan and Balyan v. Azerbaijan] (թիվ 35746/11, §§ 45-48, 2020 թվականի հունվարի 30): Այդ դեպքում, որն, անշուշտ, հարուցվել էր Ադրբեջանի դեմ, Դատարանը վկայակոչել է Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի [Sargsyan v. Azerbaijan] ([GC], [ՄՊ], թիվ 40167/06, § 117, ՄԻԵԴ 2015թ. ) Մեծ Պալատի գործը և ևս մեկ անգամ հաստատել, որ մի երկրից անձը կունենա զգալի գործնական դժվարություններ մյուս երկրում դատական գործընթաց սկսելու և դրան հետամուտ լինելու հարցում, ավելին, Ադրբեջանի կառավարությունը չի ներկայացրել ներպետական գործի կամ իրավական պաշտպանության որևէ միջոցի օրինակ, որով ցույց է տրվում, որ դիմումատուների իրավիճակում հայտնված անձինք կարողացել են հատուցում պահանջել Հայաստանի իշխանությունների միջոցով:

36. Նույն կերպ, սույն գործով Դատարանը գտնում է, որ արդարադատության իրականացման համակարգի պատշաճ գործունեության գործնական խոչընդոտները պետք է դիտարկվեն որպես հակամարտությունում ներգրավված երկու երկրների քաղաքացիների՝ իրենց բողոքները մյուս երկրի իշխանություններին ներկայացնելու հնարավոր փորձերի մասով էական նշանակություն ունեցող՝ անկախ երկու կողմերի ներպետական մարմինների հնարավոր բարի կամքից։

37. Ավելին, պատասխանող Կառավարությունը չի ներկայացրել որևէ կոնկրետ օրինակ, որը կարող էր ցույց տալ, թե ինչպես ՔԴՕ-ում շարադրված ընդհանուր բնույթի ներպետական դրույթները կարող են իրավական պաշտպանության միջոց հանդիսանալ Հայաստանում սպառելու նպատակներով կիրառելու համար՝ կապված դիմումատուի՝ որդու մարմնի վերադարձի մասով կոնկրետ բողոքների հետ:

38. Հետևաբար Դատարանը գտնում է, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման վերաբերյալ Կառավարության առարկությունը (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը) պետք է մերժվի (տե՛ս, վերևում հիշատակված, համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis), Սարիբեկյանը և Բալյանը [Saribekyan and Balyan], § 48):

Գ. Անհատական միջնորդության իրավունքի չարաշահումը

39. Պատասխանող Կառավարությունը պնդում է, որ դիմումատուն անհիմն կերպով թաքցրել է Դատարանից տեղեկությունն այն մասին, որ իր որդու մարմինը հայրենիք է վերադարձվել է 2017 թվականի փետրվարի 5-ին՝ իր դիմումը Դատարան ներկայացնելուց տասն օր անց։ Քանի որ նա ներկայանում էր ի դեմս պրոֆեսիոնալ փաստաբանի, նման վարքագիծը պետք է որակվեր որպես գործով որոշում ընդունելու համար առանցքային հարցի վերաբերյալ դատարանին մոլորեցնելու մտադրություն, քանի որ այն ուղղակիորեն առնչվում էր դիմումատուի զոհի կարգավիճակին (պատասխանող Կառավարությունը մեջբերել է Բեքաուրին ընդդեմ Վրաստանի [Bekauri v. Georgia], թիվ 14102/02, § 21, 2012 թվականի ապրիլի 10):

40. Դիմումատուն վերահաստատել է, որ իր բողոքները վերաբերել են իր որդու մարմինն ընտանիքին վերադարձնելու երկարատև և անհիմն ձգձգմանը, որի ընթացքում նրանք խորը և շարունակական վիշտ են ապրել, սա նաև խանգարել է նրանց հանգուցյալին արժանապատիվ և պատշաճ հուղարկավորել՝ համաձայն մուսուլմանական ավանդույթների (տե՛ս նաև վերևում՝ 21-րդ պարբերությունը): Այդ պատճառներով դիմումատուի զոհի կարգավիճակը կասկածի տակ չի եղել, ավելին, Դատարանին մոլորության մեջ գցելու մտադրություն չի եղել, քանի որ դիմումատուն հետևողականորեն վիճարկել է իր որդու մարմնի հայրենիք վերադարձը չափից ավելի և անհիմն ձգձգելը:

41. Հիմնվելով այս հարցի առնչությամբ իր համապատասխան նախադեպային իրավունքի վրա (տե՛ս, օրինակ, Բելոշևիչն ընդդեմ Խորվաթիայի (որոշում) [Belošević v. Croatia (dec.)], թիվ 57242/13, § 47, 2019 թվականի դեկտեմբերի 3, հաջորդող հղումների հետ միասին) և մասնավորապես հաշվի առնելով դիմումատուի բողոքները, որոնք վերաբերել են առաջին հերթին Հայաստանի իշխանությունների կողմից մարմինը չվերադարձնելուն և հետագայում փոփոխվել են՝ վիճարկելով մարմինը վերադարձնելու չափից դուրս ձգձգումը (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը), Դատարանը գտնում է, որ դիմումատուի կողմից որդու մարմնի վերադարձի մասին իրեն անհապաղ չտեղեկացնելը չի նշանակում դիմելու իրավունքի չարաշահում Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետի իմաստով (տե՛ս նաև, mutatis mutandis, Վերեսն ընդդեմ Իսպանիայի [Veres v. Spain], թիվ 57906/18, §§ 59-60, 2022 թվականի նոյեմբերի 8)։

Դ. Ընդունելիության վերաբերյալ եզրակացությունները

42. Դատարանը համարում է, կողմերի պնդումների լույսի ներքո և հաշվի առնելով սույն գործի համատեքստը (տե՛ս վերևում՝ 4-6-րդ պարբերությունները), որ վերոնշյալ 21-րդ պարբերությունում ամփոփված բողոքները բարձրացնում են լուրջ փաստական և իրավական խնդիրներ՝ համաձայն Կոնվենցիայի, որոնց լուծումը պահանջում է ըստ էության քննություն։ Դատարանը հետևաբար եզրակացնում է, որ դրանք ակնհայտորեն անհիմն չեն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով: Դրանք անընդունելի ճանաչելու համար որևէ այլ հիմք չի սահմանվել։ Հետևաբար այն պետք է ճանաչվի ընդունելի:

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ԵՎ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

43. Դիմումատուն բողոքել է, որ Հայաստանի իշխանությունները հայրենիք չեն վերադարձրել իր որդու մարմինը ողջամիտ ժամկետներում, պնդելով, որ մարմինը հայրենիք չվերադարձնելն իր և իր ընտանիքի անդամների մոտ առաջացրել է ցավ ու տառապանք՝ խախտելով Կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածները: Ավելին, մահից հետո մարմնի անձեռնմխելիությունը վերականգնելու դժվարություններն ընտանիքին խանգարել են թաղել մարմինն ընտանիքի կրոնական ավանդույթներին համապատասխան, ինչը ցույց է տալիս, որ անտեսվել են Կոնվենցիայի 8-րդ հոդվածի դրույթները։ Կոնվենցիայի համապատասխան երկու հոդվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։