Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-25-ից մինչև 1996-03-05։Բացել գործող տեքստը

Հոդված 17. Հարկի հաշվարկման և վճարման կարգը

գործել է մինչև 1996-03-05Բացել ARLIS-ում

Հոդված 17. Հարկի հաշվարկման և վճարման կարգը

1. Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից եկամուտներ ստացող օտարերկրյա ֆիզիկական անձինք եկամուտների մասին հայտարարագրեր են ներկայացնում սույն օրենքով նախատեսված կարգով:

Փաստացի ստացված եկամուտների մասին հայտարարագիրը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը ներկայացվում է օտարերկրյա ֆիզիկական անձի գործունեության իրականացման կամ բնակության վայրի հարկային մարմնին:

Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքին համապատասխան մշտական բնակության վայր ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձը ընթացիկ տարում ենթադրվող եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետություն գալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

Օրացուցային տարվա ընթացքում օտարերկրյա ֆիզիկական անձի գործունեությունը դադարելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում փաստացի ստացված եկամուտների մասին հայտարարագիրը պետք է տրվի ամենաուշը մեկ ամիս առաջ:

2. Եկամուտների մասին հայտարարագրերի հիման վրա օտարերկրյա ֆիզիկական անձանց հարկվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկում է Հայաստանի Հանրապետությունում վճարողի գործունեության իրականացման կամ բնակության վայրի հարկային մարմինը: Հարկի առաջադրման փաստաթուղթը հարկային մարմնի կողմից վճարողին ուղարկվող վճարման ծանուցագիրն է:

Ենթադրվող եկամուտների մասին հայտարարագրի հիման վրա վճարողին հաշվարկվում է հարկի կանխավճար, որը տարվա ընթացքում ենթակա է վճարման նրա հարկային պարտավորությունների 75 տոկոսի չափով: Հարկի գումարի վերահաշվարկը կատարվում է փաստացի եկամուտների մասին տվյալների հիման վրա:

Ընթացիկ տարվա հարկի վճարումը կատարվում է երեք հավասար մասերով` մինչև մայիսի 15-ը, մինչև օգոստոսի 15-ը և մինչև նոյեմբերի 15-ը: Հաշվետու տարվա հարկի վերահաշվարկումից հետո լրավճարումը կատարվում է վճարման ծանուցագրի դուրս գրման օրվանից մեկ ամսվա ընթացքում: Ավել վճարված հարկի գումարը վճարողի ցանկությամբ վերադարձվում է կամ հաշվանցվում առաջիկա վճարումների հաշվին:

3. Հարկման նպատակով օտարերկրյա ֆիզիկական անձանց եկամուտների պակասեցումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով և չափերով: Ընդ որում, օտարերկրյա ֆիզիկական այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ են ներկայացնում հայտարարագիր և ունեն երեխաներ ու խնամառուների պահպանման ծախսերի պակասեցման իրավունք, արտոնություն ստանալու համար պարտավոր են ներկայացվող հայտարարագրերին կցել խնամառուների առկայությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր, որոնք պետք է վավերացված լինեն այն պետությունների իրավասու պետական մարմինների կողմից, որտեղ վճարողը մշտապես բնակվում էր մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանելը, իսկ այն դեպքում, երբ խնամքի տակ եղած անձինք բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, փաստաթղթերը ներկայացվում են սահմանված կարգով:

4. Հարկման ենթակա չեն օտարերկրյա ֆիզիկական անձանց հետևյալ եկամուտները`

ա) օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի դիվանագիտական և հյուպատոսական աստիճան ունեցող անդամների, նրանց հետ համատեղ ապրող և Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների բոլոր եկամուտները, բացի Հայաստանի Հանրապետությունում տարբեր աղբյուրներից ստացվող և դիվանագիտական ու հյուպատոսական ծառայության հետ կապ չունեցող եկամուտներից.

բ) դիվանագիտական ներկայացուցչության վարչատեխնիկական անձնակազմի անդամների և նրանց հետ համատեղ ապրող և Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող ընտանիքի անդամների բոլոր եկամուտները, բացի Հայաստանի Հանրապետությունում տարբեր աղբյուրներից ստացվող և դիվանագիտական ու հյուպատոսական ծառայության հետ կապ չունեցող եկամուտներից.

գ) դիվանագիտական ներկայացուցչության սպասարկող անձնակազմի այն անդամների ծառայության համար ստացած բոլոր եկամուտները, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն կամ մշտապես չեն բնակվում Հայաստանի Հանրապետությունում.

դ) միջազգային կազմակերպությունների աշխատակիցների եկամուտները` այդ կազմակերպությունների կանոնադրություններին համապատասխան:

5. Օտարերկրյա ֆիզիկական անձանց եկամտահարկի գանձումը կարող է դադարեցվել կամ սահմանափակվել փոխադարձության սկզբունքով այն դեպքում, երբ համապատասխան օտարերկրյա պետությունը նույնպիսի միջոցառումներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, ինչը պետք է հավաստվի այդ պետության հարկային մարմինների կողմից:

Գ լ ու խ VI

Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն չունեցող անձանց եկամուտների հարկման առանձնահատկությունները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։