Հոդված 15. Պահանջվող լիցենզիան
Հոդված 15. Պահանջվող լիցենզիան
1. Ցանկացած անձ իրավասու է, սույն օրենքով սահմանված բացառիկության պահանջներին համապատասխան, տիրապետել և շահագործել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց կամ տրամադրել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ: Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի սեփականատերը պարտավոր է շահագործել այդ ցանցը:
2. Որևէ անձ իրավասու չէ տիրապետել և շահագործել Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց, եթե չունի սույն բաժնի և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բարդ լիցենզավորման ընթացակարգերի համաձայն շնորհված ցանցի լիցենզիա: Սույն օրենքի գործողության մեջ մտնելուց առաջ ցանցի շահագործման լիցենզիա ստացած անձինք պարտավոր չեն սույն գլխով պահանջվող նոր լիցենզիա ստանալ, քանի դեռ չի դադարել գործող լիցենզիայի գործողության ժամկետը:
3. Որևէ անձ իրավասու չէ տրամադրել էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ առանց ցանցի լիցենզիայի կամ սույն օրենքի համաձայն ծանուցում իրականացնելու: (նախադասությունը հանվել է 29.04.13 ՀՕ-47-Ն)
4. Գերիշխող օպերատորների և ծառայությունների մատուցման մեջ գերիշխողների նկատմամբ կիրառվում են սույն օրենքով նախատեսված կարգավորման այլ ձևեր:
(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 29.04.13 ՀՕ-47-Ն)