Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 48.1 -րդ հոդվածով՝
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 48.1 -րդ հոդվածով՝
«Հոդված 48.1 . Հողամասի կառուցապատման իրավունքը
1. Այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ՝ սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը:
2. Կառուցապատման իրավունքով հողամասն օգտագործելու իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել՝ փոխանցել այլ անձի, ազատորեն օտարել, գրավ դնել այն, ինչպես նաև կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ:
Կառուցապատման իրավունքը կարող է փոխանցվել այլ անձի՝ համապարփակ իրավահաջորդության կարգով:
3. Սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամասում կառուցապատման իրավունքով կառուցված կամ ստեղծված շենքերը և շինությունները հողամասի սեփականատիրոջ սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
4. Կառուցապատման իրավունքը տրամադրվում է պայմանագրով սահմանված ժամկետով և չի կարող գերազանցել 99 տարին, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:
5. Կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
6. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն սույն օրենսգրքի 60-րդ հոդվածով և 48-րդ հոդվածով սահմանված, ինչպես նաև սահմանված կարգով հատկացված, սակայն դեռևս չկառուցապատված հողամասերի դեպքերում:
Սահմանված կարգով հատկացված, սակայն դեռևս չկառուցապատված հողամասերի դեպքերում սույն օրենքի ուժով ձեռք է բերվում կառուցապատման իրավունք:
7. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են մրցույթով՝ սույն օրենսգրքի 76-80-րդ հոդվածներով սահմանված կարգով:
8. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի չափը չի կարող պակաս լինել հողի հարկի տարեկան դրույքաչափից:»: