Հոդված 3. Նույնականացման քարտ ստանալը և նույնականացման քարտի վավերականության ժամկետը
Հոդված 3. Նույնականացման քարտ ստանալը և նույնականացման քարտի վավերականության ժամկետը
1. Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից:
2. Քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է ոստիկանության մարմին:
3. 16 տարին լրացած քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ:
4. Անգործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է իր դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն սույն օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց, նույնականացման քարտը տրամադրվում է հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ: Սույն մասով նախատեսված դեպքերում դիմումներին կցվում է խնամակալ կամ հոգաբարձու հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ:
5. Առաջին խմբի հաշմանդամները նույնականացման քարտ իրավունք ունեն ստանալու ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:
5.1. Ազատազրկման դատապարտված կամ կալանավորված անձը նույնականացման քարտ ստանալու իրավունք ունի համապատասխանաբար քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած ազատազրկման դատապարտված կամ կալանավորված քաղաքացին` ընդհանուր հիմունքներով:
6. Նույնականացման քարտը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով:
(3-րդ հոդվածը խմբ. 20.03.12 ՀՕ-88-Ն, 11.12.13 ՀՕ-136-Ն, փոփ., լրաց. 29.06.16 ՀՕ-130-Ն, լրաց. 03.06.19 ՀՕ-54-Ն)