Հոդված 16. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները
Հոդված 16. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝
1) մշակում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությունը.
2) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները և որակավորումների բնութագրերը՝ ըստ մասնագիտությունների ու կրթական աստիճանների.
3) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների մասնագիտացումների ցանկերը.
4) իր իրավասությունների շրջանակում մշակում և հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի գործունեությունը կանոնակարգող այլ իրավական ակտեր.
5) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը.
6) հաստատում է ուսանողների (ունկնդիրների)` մեկ մասնագիտական ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխման կարգը.
7) իր իրավասության շրջանակներում իրականացնում է վերահսկողություն արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական կրթական չափորոշիչների պահանջների կատարման, շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման և նրանց պատրաստման որակի նկատմամբ.
8) հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում որակի գնահատման և (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների կողմից կրթության որակի ապահովման գործընթացի իրականացման կարգը.
9) իրականացնում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորումը, բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրերի, մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական հավատարմագրումը.
10) սահմանում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության փորձնական կրթական ծրագրերի իրականացման կարգը.
11) հաստատում է մեկից ավելի արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն ստանալու կարգը.
12) արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով աջակցում է արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կառավարման մարմինների ձևավորմանը.
13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:
(16-րդ հոդվածը լրաց. 04.02.10 ՀՕ-22-Ն)