Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-01-ից մինչև 2024-07-18։Բացել գործող տեքստը

Հոդված 7

գործել է մինչև 2024-07-18Բացել ARLIS-ում

Հոդված 7.

Ազատ տնտեսական գոտու շահագործումը

1. Ազատ տնտեսական գոտու շահագործումն իրականացնում են տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառված շահագործողները:

2. Շահագործողների ռեեստրում ներառվում են այն հայտատուները, որոնք գործարար ծրագրի վերաբերյալ ստացել են Կառավարության կողմից տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու հավանություն հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա և տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի հետ կնքել են պայմանագիր: Տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը կամ նրա հետ փոխկապակցված անձինք (այդ թվում՝ իրավաբանական) չեն կարող լինել տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործող:

3. Շահագործողների ռեեստրում ներառելու վերաբերյալ Կառավարության որոշումը ներառում է տվյալ տնտեսական գոտում շահագործողի կողմից իրականացման ենթակա տնտեսական գործունեության տեսակները, տվյալ ազատ տնտեսական գոտու անվանումը (անհրաժեշտության դեպքում՝ շահագործողի տնտեսական գործունեություն իրականացնելու վայրը), տվյալ շահագործողի՝ շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը:

4. Հանձնաժողովի եզրակացությունը կազմվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով սահմանված կարգին համապատասխան։

5. Շահագործողների ռեեստրում ներառված շահագործողներն ստանում են վկայական, որի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

6. Հայտատուի` տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման կարգը սահմանում է Կառավարությունը:

7. Շահագործողի գործարար ծրագիրը պարտադիր ներառում է սկզբնական հայտարարագիր:

8. Lիազոր մարմինը հետևում է գործարար ծրագրի կատարմանը` սկզբնական և հերթական հայտարարագրերի վերլուծության միջոցով:

9. Հերթական հայտարարագիրը շահագործողը լիազոր մարմին է ներկայացնում տարեկան կտրվածքով վկայականի գործողության ժամանակահատվածում` յուրաքանչյուր օրացուցային տարին լրանալուց հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում:

10. Շահագործողների ռեեստրից շահագործողը հանվում է հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.

1) իրավունքի ուժով`

ա. կազմակերպչի և շահագործողի միջև պայմանագրի լուծման դեպքում,

բ. սույն օրենքով սահմանված հիմքերով ազատ տնտեսական գոտու լուծարման դեպքում,

գ. վկայականով սահմանված ժամկետը լրանալու դեպքում, եթե շահագործողի կողմից ժամկետը երկարաձգելու դիմում չի ներկայացվում.

2) Կառավարության որոշմամբ` հանձնաժողովի եզրակացության հիման վրա` լիազոր մարմնի ներկայացմամբ`

ա. հերթական հայտարարագրում կեղծ կամ ոչ ճշգրիտ կամ աղավաղված տվյալներ ներկայացնելու, դրանք լիազոր մարմնի կողմից հայտնաբերվելու և շահագործողին դրա վերաբերյալ ծանուցելու օրվանից 10-օրյա ժամկետում շահագործողի կողմից ճշգրիտ հայտարարագիրը լիազոր մարմին չներկայացնելու դեպքում,

բ. տվյալ ժամանակաշրջանի համար հերթական հայտարարագրերի թվային ցուցանիշների հանրագումարի սկզբնական հայտարարագրի թվային ցուցանիշներից առնվազն 20% բացասական շեղման դեպքում: Շահագործողը հանվում է շահագործողների ռեեստրից` լիազոր մարմին հերթական հայտարարագիրը ներկայացնելուց հետո՝ 3-ամսյա ժամկետում, շահագործողի կողմից շեղումը չվերացնելու և շեղումը վերացնելու մասին տեղեկատվություն չներկայացնելու դեպքերում:

11. Շահագործողների ռեեստրից հանվելու դեպքում կազմակերպչի և շահագործողի միջև կնքված պայմանագիրը համարվում է լուծված: «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 207-րդ հոդվածով սահմանված դեպքերում և ժամկետում:

12. Ազատ տնտեսական գոտում կարող են գործունեություն իրականացնել շահագործողները, ինչպես նաև շահագործող չհանդիսացող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Ազատ տնտեսական գոտում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշմամբ սահմանված գործունեության տեսակներից տարբերվող գործունեության տեսակներ, այդ թվում՝ մանրածախ առևտուր, կարող են իրականացնել շահագործող չհանդիսացող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Ազատ տնտեսական գոտում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշմամբ սահմանված գործունեության տեսակներ կարող են իրականացնել նաև շահագործող չհանդիսացող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ շահագործողների համար նախատեսված արտոնությունների կիրառման:

13. Ազատ տնտեսական գոտու տարածքում արգելվում է ազատ տնտեսական գոտու շահագործողների և շահագործող չհանդիսացող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միջև այնպիսի գործարքների իրականացում, որոնց շրջանակներում իրականացվում է ապրանքների հանձնում շահագործողից շահագործող չհանդիսացող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։