Հոդված 17.7. Կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումները
Հոդված 17.7. Կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումները
1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող է սահմանվել, որ պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ կրթական հաստատություն) ուսումնական գործընթացը կարող է իրականացվել միայն առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում հեռավար (դիստանցիոն) իրականացվող կրթական ծրագրի, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատությունների վրա:
2. Կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վերահսկողությունը տեսչական մարմինն իրականացնում է կրթական հաստատություններ ստուգայցերի միջոցով՝ տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ: Ստուգայցի նպատակը չի կարող տարբերվել, ինչպես նաև ստուգայցն իրականացնող տեսչական մարմնի ներկայացուցչի գործողությունները չեն կարող դուրս գալ սույն գլխով սահմանված և կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների կազմակերպման, իրականացման և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակից:
4. Ստուգայցի ընթացքում կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում տեսչական մարմնի ներկայացուցիչը նախազգուշացնում է կրթական հաստատությանը միջոցառումների և սահմանափակումների խախտման մասին, տալիս հանձնարարականներ բացահայտված խախտումները վերացնելու վերաբերյալ` դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ:
5. Ստուգայցի արդյունքներով կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրառում են վարչական պատասխանատվության միջոցներ:
6. Կարանտին սահմանելու դեպքում կրթական հաստատության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացմանը կարող է մասնակցել նաև կրթության ոլորտի տեսչական մարմինը, որը կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում պարտավոր է արձանագրել համապատասխան խախտումները և անմիջապես այդ մասին տեղեկացնել առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին: