Հոդված 17. Պետական գույքի մասնավորեցումը մրցույթով (միջազգային մրցույթով)
Հոդված 17. Պետական գույքի մասնավորեցումը մրցույթով (միջազգային մրցույթով)
Պետական գույքը համարվում է մրցույթով մասնավորեցվող, եթե պետական գույքը մասնավորեցվում է նախօրոք սահմանված պայմաններին առավելագույն չափով բավարարող առաջարկ ներկայացրած մասնակցին:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մրցույթը կարող է իրականացվել մասնակիցների նախնական որակավորմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մրցույթի հաղթողին որոշելու նպատակով կարող են առաջադրվել հետևյալ պայմանները`
ա) գինը.
բ) ներդրումների չափը.
գ) սոցիալական երաշխիքները.
դ) ծառայությունների մատուցման սակագները, եթե մասնավորեցվում է օրենքով կամ այլ իրավական ակտով լիցենզավորվող գործունեություն իրականացնող ընկերության պետական բաժնեմասը.
ե) սույն հոդվածի «ա» և «դ» կետերում նշված պայմանների կամ դրանց մի մասի նախօրոք սահմանված համամասնություններով կազմված համախումբը:
Պետական գույքի մրցույթով կամ միջազգային մրցույթով մասնավորեցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել մրցութային հանձնաժողով, սահմանվել դրա կազմը և իրավասությունները:
Պետական գույքի մասնավորեցումը մրցույթով կարող է իրականացվել, եթե մասնավորեցվում է ընկերությունների ձայների իրավունք տվող պետական բաժնետոմսերի տասը և ավելի տոկոսը:
Մրցութային հանձնաժողովը, իսկ վերջինիս չստեղծվելու դեպքում` լիազորված պետական մարմինն իրավասու է մրցութային առաջարկների հստակեցման նպատակով ուղղակի բանակցություններ վարել մրցույթի մասնակիցների հետ, եթե դա նախատեսված է մրցույթով պետական գույքը մասնավորեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Միջազգային մրցույթի մասին պետք է հայտարարվի հրապարակայնորեն` մրցույթն սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:
Միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվում այն անձը, ում առաջարկներն առավելագույն չափով են բավարարում ներկայացված պահանջները:
Մրցույթի արդյունավետ իրականացման նպատակով մրցութային հանձնաժողովը, իսկ վերջինիս չստեղծվելու դեպքում` լիազորված պետական մարմինն իրավասու է մրցույթի նախապատրաստվելու և կազմակերպելու համար ընդգրկել հայրենական և արտասահմանյան մասնագիտացված կազմակերպություններ:
Միայն մեկ առաջարկի առկայությունը չի կարող առանց հաղթողին հայտարարելու մրցույթը դադարեցնելու պատճառ համարվել:
Եթե մրցույթը (միջազգային մրցույթը) առաջարկների բացակայության պատճառով սահմանված ժամկետում չի կայանում կամ դադարեցվում է առանց հաղթողին որոշելու, մրցույթը համարվում է չկայացած, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում պետական բաժնեմասը մասնավորեցնելու մասին նոր որոշում է ընդունում: