Հոդված 25. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության ապահովումը
Հոդված 25. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության ապահովումը
1. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը տեխնիկական և կազմակերպական միջոցառումների համալիր է, որի նպատակն է`
ա) կանխել կողմնակի անձանց մուտքն ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների պահման կետերի տարածք.
բ) արգելել կողմնակի անձանց մոտենալը միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերին, ռադիոակտիվ թափոններին, հատուկ սարքավորումներին.
գ) ժամանակին հայտնաբերել ու կանխել միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութեր, ռադիոակտիվ թափոններ, հատուկ սարքավորումներ, տեխնոլոգիաներ հափշտակելու կամ փչացնելու ցանկացած փորձ.
դ) ժամանակին հայտնաբերել և կանխել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի անվտանգությանն սպառնացող ահաբեկչական կամ դիվերսիոն գործողությունները.
ե) հայտնաբերել և վերադարձնել կորած կամ հափշտակված միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերը, ռադիոակտիվ թափոնները, հատուկ սարքավորումներն ու տեխնոլոգիաները:
2. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համար, իրենց իրավասության սահմաններում, պատասխանատու են լիցենզավորված անձինք, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել պետական կառավարման մարմինների կողմից հատուկ լիազորված կազմակերպությունների ծառայություններից:
3. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորումն իրականացնում է կարգավորող մարմինը:
4. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն իրականացվում է դրանք նախագծելու, կառուցելու, շահագործելու և շահագործումից հանելու բոլոր փուլերում:
(25-րդ հոդվածը լրաց. 09.11.04 ՀՕ-119-Ն)