Հոդված 21. Աշխատանք փնտրող անձի իրավունքները
Հոդված 21. Աշխատանք փնտրող անձի իրավունքները
1. Աշխատանք փնտրող զբաղված անձն իրավունք ունի`
1) հաշվառվելու նպատակով դիմելու լիազորված մարմին.
2) լիազորված մարմնից ստանալու զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն.
3) ստանալու տեղեկություններ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական շտեմարանում գրանցված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ.
4) հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման միջնորդության.
5) մասնագիտական կողմնորոշման.
6) լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների և անգործության` վերադասության կամ դատական կարգով բողոքարկման:
2. Գործազուրկը, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներից բացի, իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդգրկվելու զբաղվածության պետական ծրագրերում հետևյալ ուղղություններով.
1) մասնագիտական ուսուցում, որի ընթացքում ծրագրում ընդգրկվող անձին յուրաքանչյուր ամիս վճարվում է կրթաթոշակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով: Կրթաթոշակը նշանակվում և վճարվում է սահմանված ամսական կրթաթոշակի նկատմամբ հաշվարկված տվյալ ամսվա ընթացքում իրականացված ուսումնական դասընթացների օրերի համար.
2) ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց համար` մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցություն.
3) գործատուի կողմից լիազորված մարմին ներկայացված և առնվազն մեկ ամիս չլրացված թափուր աշխատատեղերի համալրման նպատակով այլ վայր աշխատանքի տեղավորման աջակցություն.
4) վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցություն:
3. Հաշմանդամություն ունեցող գործազուրկը, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքներից բացի`
1) ունի աշխատանքի տեղավորման իրավունք` սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված քվոտայի ապահովման շրջանակներում.
2) աշխատանքի տեղավորման դեպքում` աշխատատեղի հարմարեցման աջակցության` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձն իրավունք ունի ընդգրկվելու ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում:
5. Աշխատանք փնտրող անձին լիազորված մարմնի կողմից տրամադրվող զբաղվածության ծառայությունները մատուցվում են անվճար: