Հոդված 221. Աշխատանքային կարգապահության կոպիտ խախտումը
Հոդված 221. Աշխատանքային կարգապահության կոպիտ խախտումը
«1. Աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում է համարվում այն խախտումը, որի հետևանքով կոպտորեն խախտվում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները, կազմակերպության ներքին կարգապահական կանոնները:
2. Աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում կարող է համարվել՝
1) քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարող գործողություններ կատարելը.
2) պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ հրապարակելը կամ դրանց մասին մրցակից կազմակերպությանը հայտնելը.
3) իր և այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառներով պաշտոնեական դիրքը օգտագործելը, ինչպես նաև կամայականություն դրսևորելը.
4) կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները խախտելը կամ սեռական հետապնդումները աշխատակիցների, ենթակաների կամ շահառուների նկատմամբ.
5) ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելը.
6) անհարգելի պատճառներով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատանքի չներկայանալը.
7) պարտադիր բժշկական զննությունից հրաժարվելը»:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
27. Դիմումատուն բողոքել է, որ 2010 թվականի ապրիլի 22-ին թերթի հոդվածում հրատարակված հարցազրույցի հետևանքով իր աշխատանքից ազատումը խախտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված ազատորեն արտահայտվելու իր իրավունքը, որը սահմանում է հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից ...
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»։
Ա. Ընդունելիությունը
28. Դատարանը նշում է, որ այս բողոքը ո՛չ ակնհայտ անհիմն է, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է ճանաչվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուն
29. Դիմումատուն բողոքել է, որ 2010 թվականի ապրիլի 22-ին՝ թերթում հոդվածի հրատարակումից հետո, աշխատանքից իր ազատումը համարվում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված ազատորեն արտահայտվելու իր իրավունքին ապօրինի և ոչ անհրաժեշտ միջամտություն, որը որևէ օրինական շահ չի հետապնդել և ցանկացած պարագայում եղել է անհամաչափ: Ըստ աշխատանքից ազատման մասին հրամանի՝ նա կոպտորեն խախտել է Աշխատանքային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աշխատանքային կարգապահությունը, ինչի արդյունքում օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ գործատուն կորցրել է նրա նկատմամբ վստահությունը: Մինչդեռ սրանք աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու երկու տարբեր հիմքեր են, տվյալ դեպքում դրանցից որևէ մեկը հիմնավորված չի եղել: Ներպետական դատարանները նույնիսկ չեն նշել, թե նրա հարցազրույցի որ հատվածներն են առևտրային գաղտնիքներ բացահայտում, այլ փոխարենն ընդամենը վկայակոչել են ընկերության կանոնակարգերում առկա առևտրային գաղտնիքների սահմանումը և եկել են այն եզրահանգման, որ նրա հարցազրույցն այդպիսի տեղեկություններ էր պարունակում: Դիմումատուն, ըստ էության, վերահաստատել է իր փաստարկները, որոնք ամփոփվել են ներպետական դատարաններում նրա կողմից ներկայացված վերաքննիչ բողոքներում (տե՛ս վերևում՝ 18-րդ և 23-րդ պարբերությունները):
30. Դիմումատուն այնուհետև պնդել է, որ ինքը հանդես է եկել որպես «ազդարար», մինչդեռ ներպետական իրավունքը «ազդարարների» պաշտպանության համար բավարար երաշխիքներ չէր նախատեսում: Նա խնդիրը հանրայնացրել է միայն այն բանից հետո, երբ գործարանի տարածքում լաքի պահեստավորման հարցին ղեկավար կազմի ուշադրությունը հրավիրելու փորձերն ապարդյուն են եղել: Նրա գործունեությունը պայմանավորված է եղել ոչ թե իր անձնական դժգոհություններով, այլ նպատակ է ունեցել կարգավորելու բնապահպանական լուրջ խնդիրներ և անգամ առաջարկել է միջոցներ ձեռնարկել խնդրի դեմ պայքարելու նպատակով: Նա գործել է՝ ելնելով բարեխղճության սկզբունքներից: Հարցազրույցի ընթացքում նա մատնանշել է այն վտանգները, որոնք կարող էին սպառնալ գործարանում պահեստավորված լաքի բռնկման արդյունքում: Տեղեկությունները տրամադրվել են հանրային շահի նկատառումներով՝ հաշվի առնելով, որ հարցը վերաբերել է շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը հասցվող հնարավոր վնասին: Դիմումատուն պնդել է, որ այդ տեղեկությունները ճշգրիտ էին. նա քիմիկ էր և տարիներ շարունակ գործարանում աշխատել էր որպես ավագ հետազոտող: Ըստ էության, գործարանի դեմ ուղղված հայտարարություններից որևէ մեկը չէր հերքվել գործարանի կողմից՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Ավելին, 2017 թվականին գործարանում պայթյուն է եղել, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել այն տարածքում, որտեղ լաքը պահեստավորված էր: Այդպիսի դեպք տեղի էր ունեցել նաև 2006 թվականին: Ինչ վերաբերում է խնդրո առարկա տեղեկությունների բացահայտման հետևանքով գործատուին պատճառված հնարավոր վնասին, ապա դիմումատուն պնդել է, որ ո՛չ ներպետական դատարանները, ո՛չ Կառավարությունը չեն հիմնավորել գործարանի կրած վնասը: Այդպիսի հանգամանքներում նրա աշխատանքից ազատման մասին որոշումը, որը ներպետական դատարաններն ուժի մեջ էին թողել, շատ խիստ և հետևաբար անհամաչափ միջոց է եղել: Ի վերջո, եթե նույնիսկ Դատարանը համարեր, որ նրա կողմից իր աշխատավարձի չափը բացահայտելու փաստը իր պայմանագրային պարտավորությունների խախտում էր, հակակշռող շահ առկա չէր շրջակա միջավայրին և մարդու առողջությանը հասցվող հնարավոր վնասի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պատճառաբանությամբ նրան աշխատանքից ազատելու համար:
բ) Կառավարությունը
31. Չվիճարկելով դիմումատուի ազատորեն արտահայտվելու իրավունքին միջամտությունը՝ Կառավարությունը պնդել է, որ նրա աշխատանքից ազատումը չի հակասել 10-րդ հոդվածի պահանջներին: Մասնավորապես դիմումատուն աշխատանքից ազատվել էր օրենքով սահմանված կարգով, մասնավորապես՝ հաշվի առնելով գործատուի կողմից նրա նկատմամբ վստահությունը կորցնելու հանգամանքը և նրա կողմից աշխատանքային կարգապահության կոպիտ խախտումը, սույն գործով՝ առևտրային գաղտնիքի բացահայտումը: Այդ կապակցությամբ նրանք նշել են, որ Աշխատանքային օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողին ազատելու աշխատանքից աշխատանքային կարգապահության նույնիսկ մեկ կոպիտ խախտման դեպքում (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը): Ըստ Կառավարության պնդումների՝ դիմումատուն քաջատեղյակ է եղել գործարանի՝ 2009 թվականի հունվարի 9-ին ընդունած կանոնակարգերի մասին, որտեղ սահմանված էին գործարանի առևտրային գաղտնիքները. ավելին, նրա աշխատանքային պայմանագրի 2.1.11 կետով ակնհայտորեն արգելվում էր գործարանին վերաբերող առևտրային գաղտնիքների բացահայտումը (տե՛ս վերևում՝ 7-րդ և 9-րդ պարբերությունները): Ավելին, գործարանի աշխատողների աշխատավարձերի չափի վերաբերյալ տեղեկությունները համարվում էին հիմնարար առևտրային գաղտնիք, իսկ դիմումատուն իր աշխատավարձը չբացահայտելու վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրել (տե՛ս վերևում՝ 6-րդ և 8-րդ պարբերությունները), մինչդեռ լրագրողին տրված հարցազրույցի ընթացքում նա չէր պահպանել իր պայմանագրային պարտավորություններից որևէ մեկը: Հաշվի առնելով դիմումատուի տված հարցազրույցի բովանդակությունը՝ որևէ կասկած չէր կարող լինել, որ նա բացահայտել էր այնպիսի տեղեկություններ, որոնք առևտրային գաղտնիք էին համարվում ինչպես գործարանի կանոնակարգերի, այնպես էլ նրա աշխատանքային պայմանագրի համաձայն, և այդ պատճառով գործարանը բավարար հիմքեր ուներ նրան աշխատանքից ազատելու համար: Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի արտահայտվելու ազատությանը միջամտությունը գործարանի համբավը և շահերը պաշտպանելու, ինչպես նաև գաղտնի տեղեկությունների բացահայտումը կանխելու իրավաչափ նպատակ է հետապնդել:
32. Նրանք պնդել են, որ դիմումատուի հարցազրույցը չէր կարող համարվել «ազդարարում», քանի որ դիմումատուին չի հաջողվել բացահայտված տեղեկությունները հիմնավորել որևէ ապացույցով, նա չի գործել բարեխղճորեն, և ամեն դեպքում աշխատողների աշխատավարձերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտումն արդարացված չի եղել: Անդրադառնալով թերթի հոդվածի վերջին պարբերությանը (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը)՝ նրանք պնդել են, որ այդ հատվածում արված հայտարարությունները զրպարտիչ էին՝ գործարանին մեղադրելով կոռուպցիայի մեջ: Կառավարությունը եկել է այն եզրահանգման, որ, քանի որ դիմումատուն ներկայացրել է զրպարտիչ մեղադրանքներ, որոնք, ավելին, նրան չէր հաջողվել ապացուցել, այդպիսով, աշխատանքից ազատելու պատժամիջոցը համաչափ է եղել:
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
33. Դատարանի նախադեպային իրավունքում մշակված՝ արտահայտվելու ազատությանն առնչվող ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Պալոմո Սանչեսը և այլք ընդդեմ Իսպանիայի [Palomo Sánchez and Others v. Spain] գործում ([GC], թիվ 28955/06 և 3 այլ, §§ 53-55, ՄԻԵԴ 2011):
34. Գործնական հարաբերությունների համատեքստում արտահայտվելու ազատության հետ կապված վեճերը քննելիս Դատարանը պարզել է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի պաշտպանությունը տարածվում է ընդհանուր առմամբ աշխատավայրի վրա: Դատարանը նաև նշել է, որ տվյալ հոդվածը պարտավորեցնող է գործատուի և աշխատողի միջև հարաբերություններում ոչ միայն այն դեպքում, երբ այդ հարաբերությունները կառավարվում են հանրային իրավունքով, այլ նաև կիրառելի է այն դեպքում, երբ դրանք կառավարվում են մասնավոր իրավունքով (տե՛ս Ֆուենտես Բոբոն ընդդեմ Իսպանիայի [Fuentes Bobo v. Spain] գործը, թիվ 39293/98, § 38, 2000 թվականի փետրվարի 29, և Հայնիշն ընդդեմ Գերմանիայի [Heinisch v. Germany], թիվ 28274/08, § 44, ՄԻԵԴ 2011): Իսկապես, արտահայտվելու ազատության իրական և արդյունավետ իրականացումը կախված չէ միայն պետության չմիջամտելու պարտավորությունից, այլ կարող է պաշտպանության դրական միջոցներ պահանջել նույնիսկ անհատների միջև փոխհարաբերությունների ոլորտում: Որոշ դեպքերում պետությունն արտահայտվելու ազատությունը նույնիսկ առանձին անհատների միջամտությունից պաշտպանելու դրական պարտավորություն ունի (տե՛ս Հալեթն ընդդեմ Լյուքսեմբուրգի [ՄՊ] [Halet v. Luxembourg [GC]], թիվ 21884/18, § 111, 2023 թվականի փետրվարի 14, վերևում հիշատակված՝ Պալոմո Սանչեսը և այլք գործը, § 59, և Հերբայն ընդդեմ Հունգարիայի [Herbai v. Hungary], թիվ 11608/15, § 37, 2019 թվականի նոյեմբերի 5):
35. Իշխանությունների պատասխանատվության հարցը կքննարկվեր այն դեպքում, երբ բողոքարկվող փաստերը բխեին նրանց կողմից Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված իրավունքից օգտվելու հնարավորությունը դիմումատուների համար չապահովելու փաստից: Թեև Կոնվենցիայի համաձայն պետության դրական և բացասական պարտավորությունների միջև սահմանը ենթակա չէ կոնկրետ բնորոշման, կիրառելի սկզբունքները, այնուամենայնիվ, նման են: Երկու համատեքստում էլ մասնավորապես պետք է հաշվի առնել անհատի և ընդհանուր համայնքի մրցակցող շահերի միջև արդար հավասարակշռությունը, որն ամեն դեպքում գտնվում է պետության հայեցողական լիազորությունների շրջանակներում (Պալոմո Սանչեսը և այլք, §§ 60 և 62, և Հերբայը], § 37, երկուսն էլ վերևում հիշատակված):
36. Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ առաջին հերթին ազգային իշխանությունների, մասնավորապես՝ դատարանների պարտականությունն է մեկնաբանել և կիրառել ներպետական իրավունքն այնպես, որ այն ապահովի Կոնվենցիայի լիարժեք կիրարկումը: Այն ընդգծում է իր կողմից վերանայման երկրորդային բնույթը և նկատում է, որ ներպետական դատարանների ոչ բավարար հիմնավորումները կամ ներպետական դատարանների հիմնավորումներում առկա թերությունները պատճառ են դարձել 10-րդ հոդվածի խախտում հայտնաբերելու համար, քանի որ այդ թերությունները նրան թույլ չեն տվել արդյունավետ վերահսկողություն իրականացնել այն հարցի նկատմամբ՝ արդյոք ազգային իշխանություններին հաջողվել է ճշգրիտ կերպով կիրառել նախադեպային իրավունքին համապատասխան սահմանված չափորոշիչները (տե՛ս վերևում հիշատակված՝ Հալեթի գործը, §§ 159-162):
բ) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը
37. Սույն գործով թեև Կառավարությունը չի վիճարկել, որ միջամտություն է տեղի ունեցել դիմումատուի արտահայտվելու ազատության իրավունքին (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը), դիմումատուին աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումն ընդունվել է ոչ թե պետական իշխանության, այլ մասնավոր ընկերության կողմից: Ինչպես նշվել է վերևում, Կոնվենցիայի 10-րդ հոդվածը կիրառելի է, երբ գործատուի և աշխատողի միջև հարաբերությունները, ինչպես սույն գործում, կառավարվում են մասնավոր իրավունքով, իսկ պետությունը դրական պարտավորություն ունի պաշտպանելու արտահայտվելու ազատությունը նույնիսկ անհատների միջև հարաբերությունների ոլորտում (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունում վկայակոչված նախադեպային իրավունքը): Այդպիսի հանգամանքներում Դատարանը նպատակահարմար է համարում սույն գործը քննել Կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված պետության դրական պարտավորությունների շրջանակներում (տե՛ս վերևում հիշատակված՝ Պալոմո Սանչեսը և այլք գործը, §§ 60-62): Դատարանը, այդպիսով, կպարզի, թե արդյոք Հայաստանի դատական իշխանությունները, մերժելով դիմումատուի հայցը, պատշաճ կերպով ապահովել են նրա արտահայտվելու ազատության իրավունքը աշխատանքային հարաբերությունների համատեքստում:
38. Դատարանն ի սկզբանե պետք է պարզի՝ արդյոք ներպետական դատարանները կիրառել են Կոնվենցիայի սկզբունքները բավարար չափով, ինչպես մեկնաբանվում է իր նախադեպային իրավունքի լույսի ներքո: Այդ կապակցությամբ Դատարանը նկատում է, որ սույն գործով ներպետական վճիռները շատ քիչ պատճառաբանություն են պարունակում (տե՛ս վերևում՝ 22-րդ և 24-րդ պարբերությունները): Առաջին հերթին, թեև դիմումատուն մանրամասն փաստարկներ է ներկայացրել՝ վիճարկելով հարցազրույցի հետևանքով իրեն աշխատանքից ազատելու օրինականությունը, ներպետական դատարանները չեն անդրադարձել այդ առնչությամբ նրա ներկայացրած փաստարկներին: Մասնավորապես նրանք չեն կարողացել պարզել, թե արդյոք պահպանվել են Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածով թվարկված պայմանները՝ գործատուի վստահությունը կորցնելու պատճառաբանությամբ դիմումատուին աշխատանքից ազատելու փաստը օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան հիմնավորելու նպատակով: Փոխարենը, բանավոր վկայակոչելով գործարանի՝ առևտրային գաղտնիքը սահմանող համապատասխան ներքին փաստաթղթերը, նրանք պարզել են, որ դիմումատուի՝ աշխատանքից ազատումը գործատուի կողմից նրա նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառաբանությամբ հիմնավոր է, քանի որ նա բացահայտել էր որպես առևտրային գաղտնիք բնութագրվող տեղեկություններ՝ այդպիսով խախտելով իր պայմանագրային պարտավորությունները: Ինչ վերաբերում է Կառավարության հղմանը Աշխատանքային օրենսգրքի 121-րդ հոդվածին՝ որպես հիմք դիմումատուին աշխատանքից ազատելու համար (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը), ապա նշված հոդվածը նույնիսկ չի ներառվել դիմումատուի աշխատանքից ազատման հրամանում:
39. Ավելին, թեև համաձայն աշխատանքից ազատման հրամանի և դատարանների կողմից կայացված վճիռների՝ դիմումատուն խախտել է Աշխատանքային օրենսգիրքը և աշխատանքային կարգապահական կանոնները՝ բացահայտելով առևտրային գաղտնիքներ, աշխատանքից ազատելու մասին հրամանն ինքնին հստակորեն նշել է, որ դիմումատուն բացահայտել է «անհիմն» և «կեղծ» տեղեկություններ (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը): Դատարանը գտնում է, որ դիմումատուի հայտարարությունները որպես «առևտրային գաղտնիք» որակելու ներպետական դատարանների մոտեցումն այն դեպքում, երբ աշխատանքից ազատման հրամանում այդ տեղեկությունները ներկայացվել են որպես «կեղծ և ոչ հիմնավոր», հակասական է (համեմատի՛ր Գորյաինովան ընդդեմ Ուկրաինայի [Goryaynova v. Ukraine] գործի հետ, թիվ 41752/09, § 59, 2020 թվականի հոկտեմբերի 8): Այնուամենայնիվ, ո՛չ ներպետական դատարանները, ո՛չ Կառավարությունը չեն անդրադարձել այդ հակասությանը, թեև դիմումատուն դա ընդգծել է ինչպես ազգային իշխանությունների առջև, այնպես էլ Դատարանին ուղղված իր գանգատում (տե՛ս վերևում՝ 18-րդ և 29-րդ պարբերությունները):
40. Եվ որ ավելի կարևոր է, ներպետական դատարանները գործը չեն գնահատել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն իրենց նախադեպային իրավունքում սահմանված սկզբունքների լույսի ներքո։ Իրականում դիմումատուի՝ աշխատանքից ազատման հրամանում կամ ներպետական դատարանների վճիռներում նշված չէ, թե դիմումատուի՝ թերթում հրատարակված պնդումներից որոնք են ոչ ճշգրիտ կամ զրպարտող, ինչպես, ըստ էության, փաստարկում էր Կառավարությունը (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը): Նրանք ընդհանրապես չեն վերլուծել դիմումատուի փաստարկները՝ իր վերադասների մոտ նրա մտահոգությունները բարձրաձայնելու կրկնվող փորձերի վերաբերյալ (տե՛ս վերևում՝ 10-րդ, 13-րդ, 15-րդ և 23-րդ պարբերությունները): Դատարանները նաև չեն ստուգել դիմումատուի շարժառիթը և չնայած Կառավարության կողմից ներկայացված փաստարկներին՝ ներպետական վճիռներում որևէ նշում չկա այն մասին, որ դիմումատուն վարվել է անբարեխղճորեն (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը):
41. Դատարանը վերահաստատում է գործատուների նկատմամբ աշխատողների՝ հավատարմություն և շրջահայացություն դրսևորելու պարտականությունը, ինչը պահանջում է, որ նույնիսկ ճշգրիտ տեղեկության տարածումն իրականացվի չափավոր և պատշաճ կերպով: Այնուամենայնիվ, նշված պարտականության նկատմամբ գերակայում է այն շահը, որը հանրությունը կարող է ունենալ որոշակի տեղեկության առնչությամբ (տե՛ս, mutatis mutandis, (համապատասխան փոփոխություններով) վերևում հիշատակված՝ Գորյաինովայի գործը, § 61): Իր տված հարցազրույցում դիմումատուն հանրային շահ ներկայացնող շատ զգայուն և կարևոր հարցեր է բարձրացրել (տե՛ս վերևում՝ 16-րդ և 25-րդ պարբերությունները), որոնք, ինչպես ներկայացված է վիճարկվող վարույթում, վերաբերում էին շրջակա միջավայրի պաշտպանությանը, մարդու առողջությանը հասցվող վնասին և աշխատավայրի անվտանգությանը (տե՛ս վերևում՝ 18-րդ և 23-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, դիմումատուի հավատարմության մասով պարտականության և շրջակա միջավայրի խնդիրների և Հայաստանի քիմիկատներ արտադրող հսկայական գործարանում ենթադրյալ խախտումների մասին տեղեկացված լինելու հանրային շահի միջև կապը ներպետական դատարանների կողմից ընդհանրապես չի քննարկվել:
42. Ավելին, ներպետական վճիռները, որոնք անփոփոխ էին թողել դիմումատուի աշխատանքից ազատումը, որևէ նշում չէին պարունակում այն վնասի մասին, որը գործարանը կրել էր դիմումատուի տված հարցազրույցի հետևանքով (ի հակադրություն վերևում հիշատակված՝ Պալոմո Սանչեսը և այլք գործի, §§ 65-66):
43. Ի վերջո, ինչ վերաբերում է դիմումատուի նկատմամբ կիրառված միջոցի խստությանը, ապա Դատարանը նշում է, որ կիրառվել էր հնարավոր ամենածանր միջոցը՝ առանց ավելի թեթև միջոցի նպատակահարմարության գնահատման (տե՛ս, mutatis mutandis, վերևում հիշատակված՝ Հերբայի գործը, § 49):
44. Դատարանը գտնում է, որ այնպիսի խիստ միջոցի համաչափությունը գնահատելիս, ինչպիսին է ազատումն առանց ծանուցման, ներպետական դատարանները պետք հաշվի առնեին և համապարփակ եղանակով վերլուծեին գործի այն հիմնական տարրերը, ինչպիսիք էին դիմումատուի պնդումների բնույթը և արժանահավատությունը, հարցազրույց տալու նրա շարժառիթները և վերադասներին իր տեսակետն արդյունավետորեն ներկայացնելու հնարավորությունը, ինչպես նաև դիմումատուի հարցազրույցի հետևանքով գործարանին հասցված վնասը (համեմատի՛ր վերևում հիշատակված՝ Գորյաինովայի գործի հետ, § 65): Այնումենայնիվ, ինչպես երևում է նախորդ պարբերություններում Դատարանի կողմից արված վերլուծություններից, ներպետական դատարաններն այդ խնդիրներից որևէ մեկին չեն անդրադարձել:
45. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ սույն գործի հանգամանքներում ներպետական դատարանները նախադեպային իրավունքին համապատասխան սահմանված չափանիշների լույսի ներքո առկա մրցակցող շահերի միջև չեն պահպանել արդար հավասարակշռություն և իրենց որոշումների համար «համապատասխան և բավարար» հիմքեր չեն ներկայացրել:
46. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
47. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
48. Դիմումատուն պահանջել է 15 970 եվրո նյութական վնասի համար, որը կազմում էր նրա աշխատավարձը՝ սկսած աշխատանքից ազատվելու ամսաթվից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 10-ը՝ կենսաթոշակային տարիքը լրանալը, և 10 000 եվրո՝ ոչ նյութական վնասի համար:
49. Կառավարությունը վիճարկել է նշված պահանջները:
50. Դատարանը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև, հետևաբար մերժում է նշված պահանջը (համեմատի՛ր վերևում հիշատակված՝ Հերբայի գործի հետ, §§ 50-51 և 56)։ Միևնույն ժամանակ իր գնահատումն իրականացնելով արդարության սկզբունքի հիման վրա՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 4 500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ:
Բ. Ծախսերը և ծախքերը
51. Դիմումատուն նաև պահանջել է 2 080 եվրո՝ որպես հատուցում Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։ Նա խնդրել է, որ գումարը փոխանցվի «ԻՊԱՍ» հասարակական կազմակերպության բանկային հաշվին (տե՛ս վերևում՝ 2-րդ պարբերությունը):
52. Կառավարությունը վիճարկել է այդ պահանջներն այն հիմքով, որ սույն գործն այնքան բարդ չէ, որ անհրաժեշտ լիներ երեք ներկայացուցիչների ներգրավվածությունը:
53. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք փաստացի կատարվել են, անհրաժեշտ են եղել, և որ դրանց չափը եղել է ողջամիտ (տե՛ս Մագյար Քեթֆարքու Քությա Փարթն ընդդեմ Հունգարիայի [ՄՊ] [Magyar Kétfarkú Kutya Párt v. Hungary [GC]], թիվ 201/17, § 125, 2020 թվականի հունվարի 20): Հիմնվելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերի և վերոնշյալ չափորոշիչների վրա՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել 1 600 եվրո գումար՝ Դատարանում գտնվող վարույթների հետ կապված ծախսերի համար, որը ենթակա է փոխանցման «ԻՊԱՍ» հասարակական կազմակերպության բանկային հաշվին՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44–րդ հոդվածի 2–րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 4 500 եվրո (չորս հազար հինգ հարյուր եվրո), գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը ենթակա է վճարման դիմումատուին,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1 600 եվրո (հազար վեց հարյուր եվրո), գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ, որը ենթակա է փոխանցման «ԻՊԱՍ» հասարակական կազմակերպության բանկային հաշվին.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2024 թվականի հոկտեմբերի 8-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր՝ Սիմեոն Պետրովսկի՝
Նախագահ
Քարտուղարի տեղակալ