Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 8-րդ կետից հանել «և կենդանիների» բառերը.
2) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25) պեստիցիդ` բույսերի պաշտպանության միջոց, ցանկացած նյութ կամ նյութերի խառնուրդ, որը նախատեսված է բույսերի հիվանդությունների, որոշակի վնասատուների (ներառյալ մարդկանց և կենդանիների հիվանդություններ փոխանցողների, սննդամթերքի, չվերամշակված գյուղատնտեսական արտադրանքի, փայտանյութի, կենդանիների կերերի արտադրության, վերամշակման, փոխադրման, իրացման գործընթացները խոչընդոտող վնասատուների), բույսերի և սնկերի անցանկալի տեսակների տարածման ու զարգացման կանխարգելման կամ ոչնչացման համար: Պեստիցիդների հիմնական խմբերից են միջատասպանները (ինսեկտիցիդները), տզասպանները (ակարիցիդները), կրծողասպանները (ռոտենդիցիդները), սնկասպանները (ֆունգիցիդները), մանրէասպանները (բակտերիոցիդները), նեմատոդասպանները (նեմատոցիդները), մոլախոտասպանները (հերբիցիդները), բույսերի աճի կարգավորիչները, բույսերի պատվաստանյութերը, ֆերոմոնները, դեֆոլիանտները, դեսիկանտները, ֆումիգանտները.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 29-38-րդ կետերով.
«29) ազդող նյութ` պեստիցիդի պատրաստուկային ձևի մեջ առկա կենսաբանորեն ակտիվ բաղադրիչ, որն ապահովում է պեստիցիդի նպատակային օգտագործման արդյունավետությունը.
30) ֆերոմոն՝ կենդանի օրգանիզմների ներզատիչ և արտազատիչ գեղձերի գործունեության արգասիք հանդիսացող բուրավետ նյութերի համանման սինթետիկ քիմիական պատրաստուկ, որը պեստիցիդ է և կիրառվում է վնասակար օրգանիզմների դեմ պայքարելու, դրանց տարածումը, զարգացումը կանխարգելելու, նվազեցնելու, ինչպես նաև վնասակար օրգանիզմների զարգացմանը, թռիչքի շարժին հետևելու և դրանց դեմ միջատասպանների կիրառման ժամկետները որոշելու համար։ Ֆերոմոնները վնասակար օրգանիզմների կենսաքիմիական պրոցեսների վրա ազդելու փոխարեն խաթարում են դրանց զուգավորման բնական ցիկլը.
31) դեֆոլիանտ՝ պեստիցիդ հանդիսացող քիմիական նյութ, որը բույսերի շրջանում առաջացնում է արհեստական տերևաթափ։ Որոշակի չափաքանակով կիրառելու դեպքում բույսերի կենսունակությունը դրանից չի նվազում և գյուղատնտեսության մեջ օգտագործվում է որոշ մշակաբույսերի բերքահավաքի գործընթացը դյուրինացնելու նպատակով.
32) դեսիկանտ՝ պեստիցիդ հանդիսացող քիմիական նյութ, որն արագացնում է մշակաբույսերի հասունացումը, չորացումը, կիրառվում է որոշ մշակաբույսերի բերքահավաքի գործընթացը դյուրինացնելու նպատակով.
33) ֆումիգանտ՝ պեստիցիդ հանդիսացող գազային վիճակով քիմիական նյութ, որը կիրառվում է վնասակար օրգանիզմների (միջատների) դեմ պայքարելու համար, և այն դրանց օրգանիզմ է թափանցում շնչուղիների միջոցով.
34) վարակազերծում՝ բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների նկատմամբ իրականացվող գործողությունների համալիր, որն ուղղված է կարանտին վնասակար օրգանիզմների ոչնչացմանը.
35) արտադրող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրացման նպատակով իրականացնում է բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրություն.
36) արտադրական տարածք՝ արտադրամաս, որտեղ անմիջապես արտադրողի կողմից կամ արտադրողի պատվերով և նրա կողմից սահմանված համապատասխան բաղադրությամբ իրականացվում է պեստիցիդների կամ ագրոքիմիկատների արտադրություն.
37) առևտրային անվանում` պեստիցիդի կամ ագրոքիմիկատի անվանում, որի ներքո պեստիցիդը կամ ագրոքիմիկատը մակնշվում է, գրանցվում, գովազդվում և օգտագործվում է տվյալ արտադրանքը նույնատիպ ազդող նյութ կամ սննդատարր պարունակող այլ պեստիցիդներից կամ ագրոքիմիկատներից տարբերելու նպատակով.
38) քաղաքականություն մշակող լիազոր մարմին՝ բուսասանիտարիայի ոլորտում քաղաքականություն մշակող պետական կառավարման համակարգի մարմին։»։