Հոդված 414.2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը
Հոդված 414.2 Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը
1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար.
2) առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ
3) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք։
2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, եթե`
1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը.
3) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
4) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
5) վճռաբեկ դատարանը համարում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Սույն հոդվածի իմաստով՝ դատական սխալ են համարվում սույն օրենսգրքի 395 հոդվածով նախատեսված դեպքերը։
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից երեք ամսվա ընթացքում։
5. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները՝ դատավարության մասնակիցներին (բացառությամբ քննիչի և հետաքննության մարմնի):
(414.2 -րդ հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-152-Ն, 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց., խմբ., փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն, խմբ. 10.06.14 ՀՕ-48-Ն)