Հոդված 28.1. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման ոլորտներում օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունը
Հոդված 28.1. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման ոլորտներում օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունը
1. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման ոլորտներում օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունն իրականացնում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և գործիքակազմով:
(28.1-ին հոդվածը լրաց. 05.12.24 ՀՕ-480-Ն)
ՀՈԴՎԱԾ 29. ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Անմիջական ազդեցության գոտում լանդշաֆտների պահպանման և վերականգնման նպատակով իրականացվում է`
ա) լանդշաֆտների վիճակի համալիր գնահատում և դրանց կառուցվածքի բարելավում.
բ) լանդշաֆտների պահպանման և վերականգնման միջոցառումների պլանավորման, ծրագրավորման և ֆինանսավորման կարգի սահմանում.
գ) տնտեսական և ռեկրեացիոն (զբոսաշրջության, հանգստի) գործունեության թույլատրելի ծանրաբեռնվածության նորմերի սահմանում և կարգավորում.
դ) քաղաքաշինական, ճարտարագիտական, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման քաղաքականության ընդհանուր պահանջների սահմանում, ինչպես նաև նախագծային և շինարարական աշխատանքների կարգավորում ու վերահսկում.
ե) գործող և նոր կառուցվող ավտոմոբիլային ու այլ ճանապարհների շահագործման կարգավորում.
զ) բնության և պատմաճարտարապետական հուշարձանների հաշվառում, դրանց պահպանման, վերականգնման նպատակներով օգտագործման կարգի սահմանում.
է) հեղեղային և սողանքային երևույթներին նպաստող որևէ գործունեություն:
2. Անմիջական ազդեցության գոտում լանդշաֆտների պահպանությունն իրականացվում է կառավարության սահմանած կարգով:
ՀՈԴՎԱԾ 30. ՍևԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ
Արտակարգ իրավիճակներում կառավարությունը, սույն օրենքով սահմանված կարգով, կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ:
ՀՈԴՎԱԾ 31. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 32. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
14 հունիսի 2001 թ.
ՀՕ-190