Հոդված 21
Հոդված 21.
Համապատասխանության գնահատման նշանակված մարմինների պարտականությունները
1. Համապատասխանության գնահատման նշանակված մարմիններն իրականացնում են միայն այն ընթացակարգերը, որոնց համար նշանակվել են:
2. Համապատասխանության գնահատման նշանակված մարմնի անձնակազմը պետք է պահի առևտրային գաղտնիքը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
3. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իր գործունեության մասին կանոնավոր կերպով հաշվետվություն է ներկայացնում համակարգող մարմին` վերջինիս սահմանած ձևին համապատասխան:
4. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը պետք է`
1) ապահովի արտադրողների համար համապատասխանության գնահատման ընթացակարգերի և համապատասխանության ազգային նշանի ստացման հավասար իրավունքներ.
2) օպերատիվ կերպով ուսումնասիրի հետաքրքրված կողմի (հայտատուի) հարցումը, ինչպես նաև հայտարարի կամ հայտատուին տեղեկացնի փաստաթղթերի ամբողջականության և յուրաքանչյուր համապատասխանության գնահատման ընթացակարգի իրականացման ժամանակահատվածի մասին, իսկ թերությունների հայտնաբերման դեպքում լիարժեք ու մատչելի կերպով հայտատուին տեղեկացնի բոլոր հայտնաբերված թերությունների մասին.
3) համապատասխանության գնահատման ընթացակարգերի ավարտից հետո` 2-օրյա ժամկետում, հայտատուին հայտնի համապատասխանության գնահատման արդյունքների մասին` անհրաժեշտության դեպքում ուղղիչ գործողություններ ձեռնարկելու նպատակով.
4) հնարավորության սահմաններում հայտատուի խնդրանքով իրականացնի համապատասխանության գնահատման ընթացակարգերը (անգամ եթե հայտն ունի թերություններ) և տեղեկացնի, թե որ փուլում է գտնվում համապատասխանության գնահատման ընթացակարգի իրականացումը՝ բացատրելով յուրաքանչյուր ուշացման պատճառը.
5) համապատասխանության գնահատման ընթացակարգերի իրականացման նպատակով ապահովի արտադրվող կամ մատակարարվող արտադրանքի մասին տեղեկության գաղտնիությունը, այդ թվում` այլ երկրներից.
6) ապահովի միանման արտադրանքի համապատասխանության գնահատման ընթացակարգերի իրականացման համար գանձվող վճարների միևնույն մակարդակը հայրենական և օտարերկրյա արտադրողների (մատակարարների) համար` հաշվի առնելով տեղափոխման, կապի և այլ ծախսեր՝ պայմանավորված հայտատուի արտադրական տարածքի և համապատասխանության գնահատման մարմնի գտնվելու վայրով:
5. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինները պետք է սահմանեն համապատասխանության գնահատման ընթացակարգի իրականացման վերաբերյալ բողոքների քննարկման ընթացակարգ:
6. Բողոքների քննարկման ընթացակարգերը պետք է նախատեսեն ուղղիչ գործողություններ, որոնք կիրառվում են բողոքի հիմնավորվածությունն ապացուցելու դեպքում:
7. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը պատասխանատվություն է կրում համապատասխանության գնահատման արդյունքների համար` Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան: