Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2025-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 5. Հանրային խորհրդի կազմավորումը և գործունեության ժամկետը

գործել է մինչև 2025-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 5. Հանրային խորհրդի կազմավորումը և գործունեության ժամկետը

1. Հերթական Հանրային խորհրդի կազմավորումը սկսվում է ոչ ուշ, քան Ազգային ժողովի հերթական ընտրությանը հաջորդող Կառավարության կազմավորումից հետո` 30-օրյա ժամկետում:

2. Հանրային խորհուրդը կազմավորվում է հետևյալ կարգով.

1) 15 անդամ նշանակվում է Կառավարության կողմից.

2) 15 անդամ ընտրվում է սույն հոդվածի 4-րդ մասում նշված կառույցների ներկայացրած թեկնածություններից (մշտական հանձնաժողովների նախագահներ).

3) 15 անդամ ընտրվում է սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգով նշանակված կամ ընտրված անդամների կողմից:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում վարչապետը` նրանց համաձայնությամբ, Կառավարությանն է առաջարկում Հանրային խորհրդի 15 անդամների թեկնածությունները: Կառավարությունը, վարչապետի առաջարկությունը ստանալուց հետո իր առաջիկա նիստում քննարկման է դնում Հանրային խորհրդի` սույն մասով նախատեսված անդամների նշանակման հարցը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակված Հանրային խորհրդի անդամները, նշանակումից հետո` վարչապետի աշխատակազմի օժանդակությամբ, անհապաղ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակում են հայտարարություն` հասցեագրված տեղական ինքնակառավարման մարմիններին, համապատասխան ոլորտների հասարակական կազմակերպություններին, հայրենակցական և ստեղծագործական միություններին, երիտասարդական և ուսանողական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, վետերանների միություններին, գիտակրթական կազմակերպություններին, սպառողների իրավունքների պաշտպանության, գործարարների և արդյունաբերողների միություններին, կրոնական կազմակերպություններին, սփյուռքի կառույցներին և քաղաքացիական հասարակության այլ կառույցներին` Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու նպատակով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կազմակերպությունները սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հայտարարությունը տեղադրելուց հետո` 30 օրվա ընթացքում, կարող են գրավոր եղանակով վարչապետի աշխատակազմ ներկայացնել մշտական հանձնաժողովների անդամների իրենց թեկնածությունները` ներկայացնելով նաև նրանց գրավոր համաձայնությունը Հանրային խորհրդի անդամ նշանակվելու վերաբերյալ:

6. Հանրային խորհրդի անդամները վարչապետի աշխատակազմի մասնակցությամբ մշտական հանձնաժողովների անդամների թեկնածությունները ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո` երեքշաբաթյա ժամկետում, ներկայացված թեկնածուների կազմից գաղտնի քվեարկությամբ իրականացնում են հանձնաժողովների նախագահների ընտրություն: Մշտական հանձնաժողովների ընտրված նախագահների կազմը, որոնք ընտրվում են նաև որպես Հանրային խորհրդի անդամներ, անհապաղ ներկայացվում է վարչապետին:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով Հանրային խորհրդի մյուս 15 անդամների կազմը վարչապետին ներկայացնելուց հետո` 20-օրյա ժամկետում, Հանրային խորհրդի 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների հնարավորին չափ լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, առաջադրում է Հանրային խորհրդի անդամի մեկական թեկնածու` մնացյալ 15 տեղերի համար (ընդհանուր թվով` 30 թեկնածու)` ստանալով նրանց գրավոր համաձայնությունը Հանրային խորհրդի անդամ նշանակվելու վերաբերյալ: Թեկնածուների առաջադրումից հետո` եռօրյա ժամկետում, Հանրային խորհրդի նշանակված և ընտրված անդամները վարկանիշային կարգով գաղտնի քվեարկությամբ ընտրում են Հանրային խորհրդի հաջորդ 15 անդամներին: Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով: Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս որևէ նշում չի կատարում: Քվեարկության արդյունքներով ընտրված են համարվում առավել «կողմ» ձայներ ստացած 15 թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն:

8. Հանրային խորհրդի 30 անդամներն անհապաղ վարչապետին են ներկայացնում սույն հոդվածի 7-րդ մասին համապատասխան ընտրված 15 անձանց կազմը, որից հետո` եռօրյա ժամկետում, վարչապետը բոլոր 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացնում է Կառավարություն:

9. Կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկում է Հանրային խորհրդի նախագահ նշանակելու հարցը:

10. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված որոշման ընդունման հաջորդ օրը Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված, որի մասին նույն օրը վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրում է վարչապետը և հրապարակում Կառավարության պաշտոնական համացանցային կայքում:

11. Հանրային խորհրդի գործունեության ժամկետն ավարտվում է Ազգային ժողովի հերթական ընտրությունից հետո կազմավորված Կառավարության վարչապետի կողմից սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու օրը:

12. Ազգային ժողովի լիազորությունների ժամկետում նոր Կառավարություն կազմավորվելու դեպքում այն իր կազմավորումից հետո` 30-օրյա ժամկետում, վարչապետի առաջարկության հիման վրա կարող է վաղաժամկետ դադարեցնել Կառավարության նշանակած անդամների գործունեությունը և նշանակել Հանրային խորհրդի նոր նախագահ և անդամներ:

13. Նոր կազմավորված Կառավարության կողմից սույն հոդվածի 12-րդ մասում նշված ժամկետում Կառավարության նշանակած առաջին 15 անդամների կազմի ոչ ավելի, քան կեսը փոխվելու դեպքում սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան ընտրված վերջին 15 անդամների կազմը մնում է անփոփոխ: Իսկ եթե Կառավարությունը, սույն մասին համապատասխան, փոխում է Կառավարության նշանակած առաջին 15 անդամների կազմի կեսից ավելին, ապա այդ նոր կազմը` երկրորդ 15 անդամների հետ համատեղ` սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան, իրականացնում է վերջին 15 անդամների նոր ընտրություն: Սույն մասով նախատեսված դեպքում նշանակված Հանրային խորհրդի նախագահը և անդամները պաշտոնավարում են մինչև Հանրային խորհրդի գործունեության ժամկետի ավարտը:

14. Հանրային խորհրդի` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակված անդամների, ինչպես նաև Հանրային խորհրդի նախագահի գործունեության վաղաժամկետ դադարեցման հարց կարող է քննարկվել նրանց նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո և նշված անդամներին նշանակած Կառավարության գործունեության ընթացքում ոչ ավելի, քան մեկ անգամ: Ընդ որում, եթե վաղաժամկետ դադարեցվում է միայն Հանրային խորհրդի նախագահի գործունեությունը, ապա այդ դեպքում նա շարունակում է իր գործունեությունը` որպես Հանրային խորհրդի անդամ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։