Հոդված 22. Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը
Հոդված 22. Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը
(վերնագիրը խմբ. 12.04.11 ՀՕ-123-Ն, 01.12.14 ՀՕ-206-Ն)
1. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից): Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված դեպքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) հիսուն տոկոսից:
2. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից:
3. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը) գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկը, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնապատիկից:
4. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամտից հաշվարկված տոկոսաչափը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, ապա ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից:
5. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից:
6. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:
7. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սույն օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները:
8. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքում մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված եկամտում հաշվի են առնվում նաև մնացած գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը (իսկ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում` նաև սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը), եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է (կամ ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ հանդիսացել է ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ): Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը նպաստը հաշվարկող և նշանակող գործատուին է ներկայացնում վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողը սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամտի մասին տեղեկատվությունը հիմնական (նպաստը հաշվարկող և նշանակող) գործատուին է ներկայացնում սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկանքի հիման վրա: Սույն մասով սահմանված դեպքում այլ գործատուի վճարած եկամուտը և սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված եկամուտը միջին ամսական աշխատավարձում հաշվառելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
9. Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
10. Նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:
10.1. (մասն ուժը կորցրել է 24.11.22 ՀՕ-451-Ն)
11. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` պասիվ եկամուտների և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով: Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու տարվան նախորդող տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգի շրջանակում շահութահարկ վճարած, սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:
12. Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 25-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի առաջին աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:
13. Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (միջին ամսական աշխատավարձից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 21-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի առաջին աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:
14. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական եկամտից հաշվարկված տոկոսաչափը կամ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:
15. Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը կամ սույն օրենքով սահմանված դեպքերում` սույն հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված համապատասխան չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ նշանակելու դեպքում՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) օրացուցային օրերի թվով:
16. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված չափը գերազանցող գումարից մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) և գործատուի միջոցներից վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուների կնքած կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
(22-րդ հոդվածը խմբ. 12.04.11 ՀՕ-123-Ն, լրաց., փոփ., խմբ. 20.06.13 ՀՕ-95-Ն, խմբ. 01.12.14 ՀՕ-206-Ն, լրաց., փոփ., խմբ. 21.12.17 ՀՕ-290-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-78-Ն, փոփ., լրաց. 09.07.20 ՀՕ-361-Ն, փոփ. 27.05.21 ՀՕ-242-Ն, 24.11.22 ՀՕ-451-Ն)
(09.07.20 ՀՕ-361-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(27.05.21 ՀՕ-242-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(24.11.22 ՀՕ-451-Ն օրենքն ունի անցումային դրույթ)