Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մայիսի 2024 թվականի N 640-Ա

«ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ», «է» կետերը և 3-րդ մասը, 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կոմիտասի 49/3, պետական գրանցման համարը` 264.210.08633)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-oրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) (երկու անդամ՝ լուծարման հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:

(2-րդ կետը փոփ. 14.06.2024 N 885-Ա)

3. Կազմակերպությանը և մասնաճյուղերին ամրացված անշարժ գույքը՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող շենքերը և շինությունները` քաղ. Երևան, Արաբկիր վ/շ, Կոմիտասի պողոտա, 49/3 հասցեում գտնվող 11000.6 քառ. մետր մակերեսով տարածքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, համայնք Գյումրի, քաղ. Գյումրի, Ա. Շիրակացու փողոց, 68 հասցեում տեղակայված` 0.051163 հեկտար մակերեսով հողամասը և 880.29 քառ. մետր մակերեսով տարածքը, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, քաղ. Հրազդան, Կենտրոն թաղամաս, 46 շենքի հարող տարածքում գտնվող 591.44 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը հետ վերցնել և թողնել կոմիտեի տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) լուծարման հանձնաժողովի ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.

2) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը.

3) լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել կազմակերպության և մասնաճյուղերի գործունեության դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները։

5. Սահմանել, որ՝

1) կազմակերպության և մասնաճյուղերի պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) կազմակերպության և մասնաճյուղերի պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքի առկայության դեպքում սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես կգա կոմիտեն:

(5-րդ կետը լրաց. 23.04.25 N 453-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

02.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։