Հոդված 11.1. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը
Հոդված 11.1. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը
1. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կազմավորվում է փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերը քննարկելու և լուծելու նպատակով: Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործն ըստ էության քննող և որոշում կայացնող մարմինն է:
2. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կազմավորվում է չորս տարի ժամկետով՝ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից ընտրված ինը փաստաբաններից:
3. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը՝
1) քննարկում և լուծում է փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերը.
2) իրականացնում է սույն օրենքով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
4. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերը քննարկելու և լուծելու նպատակով փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նիստի գումարման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 6-րդ գլխով:
(11.1-ին հոդվածը լրաց. 05.10.22 ՀՕ-366-Ն)
(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)