Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12.

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը

1. Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է որակավորման քննությունները կազմակերպելու և դրանց արդյունքներն ամփոփելու նպատակով:

2. Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է երկու տարի ժամկետով` ինն անդամի կազմով, ներկայացուցչության հետևյալ համամասնությամբ.

1) փաստաբանների պալատի խորհրդի ընտրած հինգ փաստաբան.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից մեկ ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ.

3) Վճռաբեկ դատարանից մեկ դատավոր` Վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ.

4) երկու իրավաբան գիտնական՝ սույն հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված անդամներին ընտրում է փաստաբանների պալատի խորհուրդը՝ խորհրդի սահմանած կարգին համապատասխան:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի թեկնածու կարող է առաջադրվել իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունում վերջին վեց տարիների ընթացքում առնվազն երեք տարի իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը: Թեկնածուներին ներգրավելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի ընտրություններից առնվազն 50 օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունները կարող են խորհրդի սահմանած ժամկետում առաջադրել սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի թեկնածուի մեկական հավակնորդ: Հավակնորդների կողմից փաստաբանների պալատի խորհրդին ներկայացվող փաստաթղթերը, դրանց ներկայացման և ուսումնասիրման կարգն ու պայմանները սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը: Սահմանված փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո սույն մասի պահանջներին համապատասխանող անձանց փաստաբանների պալատի խորհուրդը ներառում է սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի թեկնածուների շարքում:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամին ընտրում է փաստաբանների պալատի խորհուրդը՝ սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն կազմված թեկնածուների շարքից: Նախքան խորհրդի նիստի գումարումը, որի ընթացքում ընտրվելու են որակավորման հանձնաժողովի անդամները, թեկնածուների վերաբերյալ տեղեկություններն ուղարկվում են փաստաբանների պալատի խորհրդի անդամներին:

(12-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-141-Ն, փոփ., խմբ. 08.12.11 ՀՕ-339-Ն, խմբ. 05.10.22 ՀՕ-366-Ն)

(05.10.22 ՀՕ-366-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։