Հոդված 39.8. Կարգապահական գործի քննության գրավոր կարգի կիրառումը
Հոդված 39.8. Կարգապահական գործի քննության գրավոր կարգի կիրառումը
1. Կարգապահական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է սույն գլխով սահմանված ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն հոդվածով:
2. Փաստաբանի՝ սահմանված ժամկետում անդամավճար չվճարելու, վերապատրաստում չանցնելու, ինչպես նաև կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ հաշվետվության մեջ ոչ հավաստի և ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու հիմքով հարուցված կարգապահական վարույթ հարուցելիս փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը քննվում է գրավոր կարգով:
3. Կարգապահական հանձնաժողովի նախագահը գործը գրավոր ընթացակարգով քննելու հարցը լուծում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված որոշմամբ:
4. Կարգապահական գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի քննարկմանը ներկայացվելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նախագահը պարտավոր է նշանակել գործը զեկուցող կարգապահական հանձնաժողովի անդամին՝ խորհրդի սահմանած կարգով՝ նշելով փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման հրապարակման օրը:
5. Կարգապահական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվելու դեպքում փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամը, որը հանդես է գալիս որպես զեկուցող, ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան գործն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, կազմում է կարգապահական հանձնաժողովի որոշման նախագիծը: Կարգապահական հանձնաժողովի որոշման նախագիծը գործի նյութերի հետ տրամադրվում է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի մյուս անդամներին:
6. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամները կարող են որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց հիման վրա գործը զեկուցողը լրամշակում է որոշման նախագիծը:
7. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամների կողմից դիտողություններ և առաջարկություններ չներկայացվելու կամ դրանց հիման վրա նախագիծը լրամշակելուց հետո կամ ներկայացված դիտողությունները և առաջարկությունները չընդունելու դեպքում գործը զեկուցողն այն ներկայացնում է քվեարկության:
8. Եթե քվեարկության արդյունքով գործը զեկուցողի ներկայացրած նախագիծը չի ընդունվում, ապա տվյալ գործով որոշման նոր նախագիծը կազմում է դեմ քվեարկած փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամների կողմից որոշված անդամը:
9. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը գրավոր կարգով փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը քննում և փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը կայացնում ու հրապարակում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան զեկուցողի կողմից գործը ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
10. Կարգապահական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելիս բացառիկ դեպքերում փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան մեկ ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով: