Հոդված 8. Ֆինանսական գործառնությունները
Հոդված 8. Ֆինանսական գործառնությունները
1. Վարկային կազմակերպությունը սույն օրենքով սահմանված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել հետևյալ ֆինանսական գործառնությունները կամ դրանց մի մասը՝
ա) ներգրավել փոխառություններ և (կամ) կնքել նմանատիպ գործարքներ.
բ) տրամադրել վարկեր, փոխառություններ, իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ.
գ) տրամադրել երաշխիքներ.
դ) թողարկել, գնել (զեղչել), վաճառել արժեթղթեր, կատարել նման այլ գործառնություններ.
դ.1) մատուցել վարկային կազմակերպության գործունեության հետ կապված վճարահաշվարկային ծառայություններ.
ե) մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ, կառավարել այլ անձանց ներդրումները, իրականացնել հավատարմագրային (լիազորագրային) կառավարում, պետական պարտատոմսերի շուկայում իրականացնել մասնագիտացված գործունեություն (դիլերային, բրոքերային, գործակալական, ենթապահառուական).
զ) գնել, վաճառել և կառավարել թանկարժեք մետաղների բանկային (ստանդարտացված) ձուլակտորներ և մետաղադրամ.
է) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում՝ կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ.
ը) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ).
թ) ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ.
ժ) մատուցել ֆինանսական խորհրդատվություն.
ժա) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ, իրականացնել պարտքերի հետ ստացման գործունեություն.
ժբ) Կենտրոնական բանկի համաձայնությամբ իրականացնել վարկային կազմակերպություններին բնորոշ միջազգային պրակտիկայում ընդունված գործառնություններ:
2. Վարկային կազմակերպությունը կարող է տրամադրել բացառապես ձեռնարկատիրական վարկեր կամ փոխառություններ, իսկ սպառողական վարկերը կամ փոխառությունները՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով և պայմաններով: Վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության իմաստով ձեռնարկատիրական վարկի կամ փոխառության տրամադրում է համարվում այն գործարքի կնքումն ու կատարումը, որով պարտապանը իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր է և տվյալ գործարքով ստացված միջոցներն օգտագործելու է բացառապես իր կողմից իրականացվող կամ իրականացվելիք ձեռնարկատիրական գործունեության համար: Սպառողական վարկի կամ փոխառության տրամադրում է համարվում այն գործարքի կնքումն ու կատարումը, որով պարտապանը տվյալ գործարքով ստացված միջոցներն օգտագործելու է բացառապես սպառողական նպատակներով, որոնք կապված չեն իր ձեռնարկատիրական գործունեության հետ:
3. Վարկային կազմակերպությունն իրավունք ունի փոխառություններ ներգրավել և (կամ) նմանատիպ գործարքներ կնքել բացառապես իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և իր մասնակիցների հետ, ընդ որում, Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված սահմանափակումները:
4. Վարկային կազմակերպությանն արգելվում է իրականացնել արտադրական, առևտրային կամ լիցենզավորման ենթակա այլ գործունեություն:
(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.11.04 ՀՕ-154-Ն)