Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-23-ից մինչև 2012-07-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 8. Ֆինանսական գործառնությունները

գործել է մինչև 2012-07-25Բացել ARLIS-ում

Հոդված 8. Ֆինանսական գործառնությունները

1. Վարկային կազմակերպությունը սույն օրենքով սահմանված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել հետևյալ ֆինանսական գործառնությունները կամ դրանց մի մասը՝

ա) ներգրավել փոխառություններ և (կամ) կնքել նմանատիպ գործարքներ.

բ) տրամադրել վարկեր, փոխառություններ, իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ.

գ) տրամադրել երաշխիքներ.

դ) թողարկել արժեթղթեր, ինչպես նաև իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքներ կատարել.

դ.1) մատուցել վարկային կազմակերպության գործունեության հետ կապված վճարահաշվարկային ծառայություններ.

ե) մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ, կառավարել այլ անձանց ներդրումները, իրականացնել հավատարմագրային (լիազորագրային) կառավարում.

զ) գնել, վաճառել և կառավարել բանկային ոսկի և ստանդարտացված ձուլակտորներ և մետաղադրամ.

է) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում՝ կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ.

ը) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ).

թ) ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ.

ժ) մատուցել ֆինանսական խորհրդատվություն.

ժա) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ, իրականացնել պարտքերի հետ ստացման գործունեություն.

ժբ) Կենտրոնական բանկի համաձայնությամբ իրականացնել վարկային կազմակերպություններին բնորոշ միջազգային պրակտիկայում ընդունված գործառնություններ:

2. Վարկային կազմակերպությունը կարող է տրամադրել ձեռնարկատիրական և սպառողական վարկեր կամ փոխառություններ: Վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության իմաստով ձեռնարկատիրական վարկի կամ փոխառության տրամադրում է համարվում այն գործարքի կնքումն ու կատարումը, որով պարտապանը իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր է և տվյալ գործարքով ստացված միջոցներն օգտագործելու է բացառապես իր կողմից իրականացվող կամ իրականացվելիք ձեռնարկատիրական գործունեության համար: Սպառողական վարկի կամ փոխառության տրամադրում է համարվում այն գործարքի կնքումն ու կատարումը, որով պարտապանը տվյալ գործարքով ստացված միջոցներն օգտագործելու է բացառապես սպառողական նպատակներով, որոնք կապված չեն իր ձեռնարկատիրական գործունեության հետ:

3. Վարկային կազմակերպությունն իրավունք ունի փոխառություններ ներգրավելու և (կամ) նմանատիպ գործարքներ կնքելու իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, իր մասնակիցների, Հայաստանի Հանրապետության և համայնքների, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Վերոհիշյալ վարկային կազմակերպությունների համար Կենտրոնական բանկը կարող է սահմանել նվազագույն պահանջներ: Օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով վարկային կազմակերպությունը կարող է պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով ֆիզիկական անձանցից փոխառություններ ներգրավել: Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն հոդվածում նշված սուբյեկտների հետ ֆինանսական գործառնությունների իրականացման կարգը:

3.1. Վարկային կազմակերպություններին արգելվում է մատուցել «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված ներդրումային կամ 26-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ոչ հիմնական ծառայությունները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված գործառնությունների: Կենտրոնական բանկը կարող է լրացուցիչ պահանջներ սահմանել վարկային կազմակերպությունների կողմից արժեթղթերով գործարքներ կատարելու համար:

4. Վարկային կազմակերպություններին (բացառությամբ սպառողական կրեդիտավորում իրականացնող կազմակերպությունների) արգելվում է իրականացնել արտադրական, առևտրային կամ լիցենզավորման ենթակա այլ գործունեություն:

(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.11.04 ՀՕ-154-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-45-Ն, խմբ. 08.04.08 ՀՕ-24-Ն, փոփ. 17.06.08 ՀՕ-129-Ն, խմբ., փոփ., լրաց. 14.04.11 ՀՕ-132-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։