Հոդված 5. ԱՌևՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 5. ԱՌևՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Առևտրի իրականացման վայրերում առուվաճառքն իրականացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թույլատրվում է առուվաճառք իրականացնել միայն գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, կենդանիների շուկաներում և տոնավաճառներում (վերնիսաժներում): Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց արգելվում է իրականացնել վաճառք սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերի, 14-րդ մասի «ա» և «բ» ենթակետերով նշված ապրանքների, ինչպես նաև համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի:
3. Առևտրի իրականացման վայրերում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի տարանջատված մեկուսամասերում:
4. Առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաները պետք է ապահովված լինեն`
ա) ձեռքի սայլակներով և մինչև ավտոկանգառ դրանց տեղաշարժն ապահովող ուղիներով.
բ) իրենց հատկացված հողատարածքի սահմաններում գործող ավտոկանգառով.
գ) օրենսդրությանը համապատասխան կառուցված կենցաղային հարմարություններով և սանիտարական հանգույցով, վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով: Առևտրի իրականացման վայրերը պետք է ապահովված լինեն մուտքի մոտակայքում տեղակայված վճարովի կամ անվճար հասարակական զուգարանների առկայության մասին տեղեկացնող, ինչպես նաև գտնվելու տեղի վերաբերյալ նշում պարունակող ցուցանակով.
դ) տեսակը հաստատված և ստուգաչափված ստուգիչ չափման միջոցներով:
5. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արգելվում է ոչ պարենային ապրանքների վաճառքը (բացառությամբ վաճառքի համար անհրաժեշտ փաթեթավորման և տարայավորման ապրանքների): Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արգելվում է կենդանի կենդանիների վաճառքը:
6. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների տարածքում գործող առևտրի օբյեկտների գործունեության վրա չեն տարածվում սույն հոդվածի 5-րդ մասի պահանջները:
Նշված առևտրի օբյեկտներում արգելվում է վաճառել սույն օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասում նշված ապրանքները:
7. Սպառողական ապրանքների շուկաներում արգելվում է գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը:
8. Սպառողական ապրանքների շուկաների տարածքում գործող առևտրի օբյեկտների գործունեության վրա չեն տարածվում սույն հոդվածի 7-րդ մասի պահանջները:
9. Առևտրի իրականացման վայրը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:
10. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպչի կողմից սույն օրենքի 3.1-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով ներդրված և շահագործվող համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարանին (այդ թվում` յուրաքանչյուր վաճառատեղի հսկիչ-դրամարկղային մեքենաների տվյալներին) Հայաստանի Հանրապետության հարկային մարմնին հասանելիության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(5-րդ հոդվածը խմբ., լրաց. 17.06.08 ՀՕ-119-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-138-Ն)