Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-21-ից մինչև 2012-04-28։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2012-04-28-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԱՌԵՎՏՈՒՐ

Հոդված 9. ԱՌևՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

գործել է մինչև 2012-04-28ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 9. ԱՌևՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1. Առևտրի օբյեկտներում առուվաճառքն իրականացվում է օրենքով սահմանված տեսակներով:

2. Մանրածախ առևտուրն իրականացվում է խանութներում, կրպակներում, տաղավարներում, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի առևտրի կետերում, առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքի կազմակերպման և բացօթյա առևտրի վայրերում, շրջիկ առևտրի կետերի, շրջածախ առևտրի, էլեկտրոնային կապի, դիլերների միջոցով և ավտոմատներով:

3. Վաճառքի ցուցադրված յուրաքանչյուր ապրանքատեսակ պետք է ունենա գնապիտակ: Գնապիտակի վրա նշվում են ապրանքի անվանումը, մեկ միավորի գինը և գնապիտակի լրացման թվականը: Գնապիտակը կնքվում է վաճառողի կնիքով (ըստ ցանկության) կամ ստորագրվում է պաշտոնատար անձի կողմից:

4. Սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի և կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում) և ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վայրերում վաճառվող կամ վաճառքի ցուցադրվող ապրանքների համար գնապիտակի առկայությունը պարտադիր չէ (բացառությամբ նշված վայրերում գործող առևտրի օբյեկտների):

5. Գնված պատշաճ և ոչ պատշաճ որակի ապրանքների փոխարինումը կամ դրանց համար վճարված գումարի վերադարձումը և վերահաշվարկն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

6. (մասն ուժը կորցրել է 27.02.07 ՀՕ-130-Ն)

7. Վաճառողի կողմից սննդամթերքի կշռափաթեթավորում կատարելիս, ելնելով տվյալ ապրանքատեսակի առանձնահատկությունից, փաթեթավորման համար օգտագործվում են հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից թույլատրված նյութերից պատրաստված փաթեթավորման միջոցներ: Փաթեթավորվող սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա նշվում են ապրանքի անվանումը, տեսակը, քաշը (նետտո), մեկ կիլոգրամի և կշռափաթեթավորված քաշի վաճառքի գինը, փաթեթավորման օրը, նաև պիտանիության ժամկետը:

8. Ցուցահանդես-վաճառքները կազմակերպվում և անցկացվում են իրավաբանական անձանց և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից:

Ցուցահանդես-վաճառքներում ապրանքների առուվաճառքն իրականացվում է նաև նմուշներով, կատալոգներով, ուրվանկարներով, տեղեկագրերով և էլեկտրոնային տեղեկատվության միջոցներով:

9. Տոնավաճառները (վերնիսաժները) կազմակերպում են տեղական ինքնակառավարման մարմինները, օրենսդրությամբ սահմանված կարգով, միայն շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված տոնական օրերին:

10. Ապրանքների վաճառքը սպառողների (գնորդների) պատվերներով կարող է իրականացվել առևտրի օբյեկտներից:

Վաճառողը պարտավոր է սպառողներին (գնորդներին) ապահովել մատուցվող ծառայությունների ցանկի, պատվերների ընդունման և ապրանքների հանձնման ժամկետի, վաճառվող ապրանքների տեսականու և գների վերաբերյալ մատչելի և ստույգ տեղեկատվությամբ:

Պատվերների ընդունման և ապրանքների հանձնման ժամկետները սահմանում է վաճառողը:

Պատվերի ընդունման և մատուցվող ծառայության գինը հաշվարկվում է վաճառողի և վճարվում գնորդի կողմից` ապրանքի հաշվի վճարման հետ միաժամանակ:

11. Դեղերի վաճառքն իրականացվում է դեղատների միջոցով:

Գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը ենթակա չեն փոխարինման և (կամ) վերադարձման:

12. Զենքի, փամփուշտների, պայթուցիկ նյութերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի և անասնաբուժական դեղամիջոցների վաճառքն իրականացվում է միայն առանձնացված առևտրի օբյեկտներում:

Զենքի, փամփուշտների, պայթուցիկ նյութերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի և անասնաբուժական դեղամիջոցների վաճառքի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

13. Կրպակներում վաճառքի են թույլատրվում միայն արտադրական կշռափաթեթավորում ունեցող և հատային ապրանքները:

14. Կրպակներում արգելվում է վաճառել`

ա) պարտադիր ջերմային ռեժիմով տեղափոխում և պահում պահանջող սննդամթերքը, բացառությամբ պաղպաղակի, զովացուցիչ ջրերի և գարեջրի, որոնց տեղափոխումը և պահումը պետք է կատարվի դրանց տեղափոխման և պահման համար նախատեսված հատուկ սառնարաններում.

բ) չափափորձարկում պահանջող ապրանքները:

15. Հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտրի առանձնահատկություններն են`

ա) հացի և հացաբուլկեղենի մանրածախ առևտուրն իրականացվում է հացի և հացաբուլկեղենի մասնագիտացված խանութներում, առանձնացված տաղավարներում և կրպակներում, սննդամթերքի մասնագիտացված խանութների առանձնացված բաժիններում, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների տարածքում գտնվող առանձնացված առևտրի օբյեկտներում, իսկ մանր կշռափաթեթավորված հատային ապրանքները` նաև շրջիկ առևտրի կետերի միջոցով.

բ) առաքվող ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթում պարտադիր պետք է նշված լինեն վառարանից արտադրանքի հանման ժամը և քաշը.

գ) վաճառվող փաթեթավորված և ոչ փաթեթավորված հացի գնապիտակի վրա, բացի սույն հոդվածի 3-րդ մասով սահմանվող պահանջներից, նշվում են նաև մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափը:

16. Արգելվում է ալկոհոլային խմիչքների վաճառքն ուսումնական հաստատություններում, մանկական և բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող առևտրի օբյեկտներում:

17. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքը թույլատրվում է իրականացնել օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող սարքավորումներով և գործարանային արտադրության ավտոցիստեռններով:

18. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքն արգելվում է:

19. Կենդանի կենդանիների վաճառքն իրականացվում է միայն կենդանիների շուկաներում և առանձնացված առևտրի օբյեկտներում:

Առևտրի օբյեկտներում արգելվում է վաճառել արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 0101-0105 ծածկագրերին դասվող կենդանի կենդանիներ (ձիեր, ավանակներ, ջորիներ, խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, ոչխարներ, այծեր, տնային հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր և խայտահավեր):

20. Արտադրողները, մատակարարները, այդ թվում` դիստրիբյուտորները մատակարարման պայմանագրերով ապրանքների (այդ թվում` արտադրատեխնիկական նշանակության) վաճառքն իրականացնում են առանձնացված խանութների, սպառողական ապրանքների շուկաների, ապրանքային պահեստների, ցուցահանդես-վաճառքի իրականացման վայրերի միջոցով:

21. (մասն ուժը կորցրել է 27.02.07 ՀՕ-130-Ն)

22. Դիստրիբյուտորի և դիլերի գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է միայն համապատասխան պայմանագրի առկայության դեպքում:

23. Դիստրիբյուտորը և դիլերը պարտավոր են ապահովել սույն օրենքով սահմանված` վաճառողին և կատարողին ներկայացվող պահանջների կատարումը:

24. Ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում և գովազդում արգելվում է օգտագործել այլ անձանց պատկանող և Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը, եթե այդպիսի օգտագործման համար առկա չէ դրանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությունը:

(9-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 27.02.07 ՀՕ-130-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-119-Ն, 13.04.11 ՀՕ-113-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։