Հոդված 3
Հոդված 3
1. Կազմակերպությունն օգտագործողների հետ կնքում է հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման համապատասխան եղանակների նկատմամբ՝ այդպիսի կազմակերպության կառավարման ներքո գտնվող հեղինակային և (կամ) հարակից իրավունքների վերաբերյալ պայմանագրեր՝ հասարակ (ոչ բացառիկ) լիցենզիայի պայմաններով, և այդ օգտագործողներից վարձատրություն է հավաքում այդպիսի օբյեկտների օգտագործման իրավունք տրամադրելու դիմաց:
Այն դեպքերում, երբ հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործումը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, թույլատրվում է՝ առանց իրավատերերի համաձայնության, սակայն նրանց վարձատրություն վճարելու պայմանով, կազմակերպությունը վարձատրություն վճարելու վերաբերյալ պայմանագրեր է կնքում օգտագործողների կամ այն անձանց հետ, որոնց վրա անդամ պետությունների օրենսդրությամբ դրված է վարձատրություն վճարելու համար միջոցների վճարման պարտականությունը, և միջոցներ է հավաքում իրավատերերին վարձատրություն վճարելու համար:
Կազմակերպությունը կարող է հրաժարվել պայմանագիր կնքել օգտագործողի կամ այն անձանց հետ, որոնց վրա անդամ պետության օրենսդրությամբ դրված է վարձատրություն վճարելու համար միջոցների վճարման պարտականությունը, այդ թվում՝ նշված անձանց կողմից՝ կազմակերպության հետ ավելի վաղ կնքված պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում:
Այդպիսի մերժումը պետք է պատճառաբանված լինի և կարող է բողոքարկվել դատարանում՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
2. Կազմակերպությունն իրականացնում է հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման դիմաց հավաքված վարձատրության բաշխում՝ իրավատերերի միջև, և վճարում է նրանց նշված վարձատրությունը։
Հավաքված վարձատրության բաշխումն իրականացվում է տարին առնվազն մեկ անգամ՝ կազմակերպության կողմից օգտագործողներից ստացվող փաստաթղթերի ու տեղեկությունների, ինչպես նաև հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման վերաբերյալ այլ տվյալների, այդ թվում՝ վիճակագրական բնույթի տվյալների հիման վրա որոշվող՝ հեղինակային և (կամ) հարակից իրավունքների համապատասխան օբյեկտների փաստացի օգտագործմանը համաչափ:
Օգտագործողները պարտավոր են կազմակերպություն ներկայացնել հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման վերաբերյալ հաշվետվություններ, ինչպես նաև վարձատրության հավաքման ու բաշխման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ և փաստաթղթեր։ Փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկն ու դրանք ներկայացնելու ժամկետները սահմանվում են կազմակերպության ու օգտագործողների միջև կնքվող պայմանագրերով։
Կազմակերպության կողմից իրավատերերին վարձատրության վճարումը պետք է իրականացվի պարբերաբար՝ տարին առնվազն մեկ անգամ: Տվյալ վճարումները պետք է կատարվեն հաշվետու տարվա ավարտից հետո 12 ամսից ոչ ուշ։
Օտարերկրացի հեղինակներին կամ իրավատերերին՝ հավաքված վարձատրության փոխանցման հաճախականությունը սահմանվում է շահերի ներկայացուցչության վերաբերյալ պայմանագրերով, որոնք կնքվում են իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող օտարերկրյա կազմակերպությունների հետ, սակայն չի կարող պակաս լինել տարին մեկ անգամից:
3. Կազմակերպությունն իրավունք ունի հավաքված վարձատրությունից պահելու որոշակի գումար՝ իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարելու մասով իր ծախսերը հոգալու համար (այսուհետ՝ կազմակերպության ծախսեր):
Կազմակերպության ծախսերը պետք է լինեն հիմնավորված ու փաստաթղթերով հաստատված։
Անդամ պետությունն իր օրենսդրությամբ կարող է սահմանել կազմակերպության կողմից հավելյալ միջոցներ պահելու հնարավորություն, որոնք, իր կողմից ներկայացվող իրավատերերի համաձայնությամբ և ի շահ նրանց, ուղղվում են սոցիալական, մշակութային և կրթական նպատակների համար (այսուհետ՝ հատուկ միջոցներ):
Հատուկ միջոցներին առնչվող իրավական ռեժիմը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ:
Կազմակերպությունն իրավունք չունի կազմակերպության ծախսերի և հատուկ միջոցների համար պահելու հավաքված վարձատրության գումարի 50 տոկոսից ավելին:
Այդպիսի պահումները պետք է կատարվեն յուրաքանչյուր իրավատիրոջը հասանելիք յուրաքանչյուր գումարին համամասնորեն։ Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել այդպիսի պահումների նվազագույն ընդհանուր սահմանաչափ:
Վարձատրության վճարման հետ մեկտեղ՝ կազմակերպությունը պարտավոր է իրավատիրոջը ներկայացնել նրա իրավունքների օգտագործման և այդպիսի օգտագործման դիմաց հավաքված վարձատրության չափի վերաբերյալ հաշվետվություն՝ կազմակերպության կողմից պահված գումարների, այդ թվում՝ հատուկ միջոցների մասին մանրամասներով:
4. Այն դեպքում, երբ իրավատիրոջը հասանելիք վարձատրությունը չի կարող վճարվել սույն հոդվածի 2-րդ կետի չորրորդ պարբերությամբ սահմանված ժամկետում, կազմակերպությունը պարտավոր է այդ ժամկետն ավարտվելու օրվանից 12 ամսվա ընթացքում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այդպիսի իրավատիրոջը որոշելու և հայտնաբերելու համար։
Անդամ պետություններն իրենց օրենսդրությամբ սահմանում են կազմակերպության կողմից՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը լրանալուց հետո չվճարված դրամական միջոցների պահպանման, ինչպես նաև չպահանջված վարձատրության գումարի օգտագործման կարգը: