ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
10 մայիսի 2018 թվականի թիվ 90 քաղ. Մոսկվա
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Փորձարկումների ու նյութերի հարցերով ամերիկյան ընկերության միջև ստանդարտացման ոլորտում համագործակցության մասին» հուշագրի նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ.Ն. Կորեշկովին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Փորձարկումների ու նյութերի հարցերով ամերիկյան ընկերության միջև ստանդարտացման ոլորտում համագործակցության մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)՝ մի կողմից, և Փորձարկումների ու նյութերի հարցերով ամերիկյան ընկերությունը (ASTM International)՝ մյուս կողմից, այսուհետ՝ Կողմեր,
նշելով ստանդարտացման միջազգային բնույթը, դրա կարևոր դերն առևտրատնտեսական հարաբերություններում տեխնիկական խոչընդոտների նվազեցման, արտադրության արդյունավետության, փոխմատակարարվող արտադրանքի որակի բարձրացման, շրջակա միջավայրի պահպանության և աշխատանքի անվտանգության գործում,
հաշվի առնելով ստանդարտացման ոլորտում Կողմերի միջև համագործակցություն իրականացնելու գործում փոխադարձ հետաքրքրությունը,
ցանկանալով զարգացնել ստանդարտացման ոլորտում համագործակցությունը՝ միջազգային սկզբունքների հիման վրա,
հիմնվելով փոխադարձ հարգանքի, թափանցիկության և բարեխղճության սկզբունքների վրա,
հանգեցին փոխըմբռնման՝ հետևյալի վերաբերյալ.
1. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադիր են համագործակցել ստանդարտացման բնագավառում՝ գիտամեթոդական և գործնական օգնություն ցուցաբերելու նպատակով՝ ստանդարտացման հարցերի մասով մոտեցումների մոտարկման, արտադրանքի մրցունակության և անվտանգության բարձրացման համար։
2. Կողմերը մտադիր են իրականացնել համագործակցություն հետևյալ բնագավառներում՝
բժշկական արտադրատեսակներ,
քիմիական արդյունաբերություն,
խաղալիքների անվտանգություն,
էներգաարդյունավետություն,
տեղեկատվական տեխնոլոգիաներ և ծառայություններ (թվային տեխնոլոգիաներ),
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ։
3. Սույն հուշագրի շրջանակներում համագործակցությունը կիրականացվի հետևյալ ուղիներով՝
ստանդարտացման ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության (այդ թվում՝ գիտական և տեխնիկական) և փորձի փոխանակում.
խորհրդատվությունների, խորհրդակցությունների անցկացում՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը նպաստող, տնտեսության ճյուղերի զարգացման վրա ազդող ստանդարտների կիրառման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ միջոցառումների կազմակերպման հարցերով.
մասնակցություն Կողմերի կողմից անցկացվող միջոցառումներին։
4. ԵՏՀ-ն մտադիր է՝
ուսումնասիրել ASTM International-ի ստանդարտները միջպետական ստանդարտների մշակմանն ուղղված ստանդարտների ու ծրագրերի ցանկերը ձևավորելիս՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումն ապահովելու համար դրանց հնարավոր կիրառումը որոշելու նպատակով.
աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների լիազորված մարմինների, գործարար համայնքների՝ մի կողմից, և ASTM International-ի միջև՝ մյուս կողմից, համագործակցության հաստատմանը, այդ թվում՝ ASTM International-ի տեխնիկական ու մասնագիտական ծրագրերին մասնակցելու միջոցով.
տրամադրել տեղեկատվություն՝ ASTM International-ի կողմից որոշված ձևով և ASTM International-ի կողմից անցկացվող միջոցառումներին ԵՏՀ-ի ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ։
5. ASTM International-ը մտադիր է՝
ԵՏՀ-ին տրամադրել տեղեկատվություն՝ ASTM International-ի ստանդարտների և դրանց գործողության ոլորտների վերաբերյալ (իրենց իրավասության շրջանակներում), ինչպես նաև այդ ստանդարտների տեքստերը՝ դրանք ուսումնասիրելու նպատակով.
նպաստել ASTM International-ի տեխնիկական կոմիտեների աշխատանքին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ստանդարտների մշակման գործընթացին ԵՏՀ-ի և ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցության համար պայմանների ստեղծմանը.
աջակցել ԵՏՀ-ի ներկայացուցիչների մասնակցությանը ASTM International-ի ուսուցողական ծրագրերին, որոնք անցկացվում են նաև վեբինարների ու տեսաուսուցման միջոցով։
6. Կողմերից յուրաքանչյուրը կսահմանի սույն հուշագրի իրագործման շրջանակներում Կողմերի փոխգործակցության համակարգման համար պատասխանատու անձ և նրա մասին կտեղեկացնի մյուս Կողմին:
7. Սույն հուշագրի շրջանակներում Կողմերի կողմից ստացված տեղեկատվությունը կարող է փոխանցվել երրորդ անձանց՝ միայն այդ տեղեկատվությունը ներկայացրած Կողմի գրավոր համաձայնության առկայության դեպքում։
8. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և Կողմերից ոչ մեկի համար որևէ իրավական ու ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում:
9. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։
10. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։ Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի՝ այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։
Ստորագրված է _____ քաղաքում 20__ թվականի ___________ ____-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերեն և անգլերեն: Տարաձայնությունների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կողմից՝ Փորձարկումների ու նյութերի
հարցերով ամերիկյան
ընկերության կողմից՝