ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Ազատ գների և սակագների անցնելու կապակցությամբ և մինչև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ակցիզային հարկի վերաբերյալ օրենքի ընդունումը, որոշում եմ.
1. 1992 թվականի փետրվարի 1-ից գինե-օղու արտադրանքի, շոկոլադի, ծխախոտի արտադրանքի, մարդատար ավտոմեքենաների ավտոդողերի, ոսկերչական արտադրանքի, մորթու և մորթեղենի, բարձրորակ ճենապակյա և բյուրեղապակյա արտադրանքի, գորգերի և գորգագործական արտադրանքի, բնական կաշվից հագուստի իրացումից գանձել ակցիզային հարկ:
2. Ակցիզային հարկ գանձել այն ձեռնարկություններից ու կազմակերպություններից, այդ թվում` օտարերկրյա ինվեստիցիաներով ձեռնարկություններից, ինչպես նաև ձեռնարկությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մասնաճյուղերից, բաժանմունքներից և այլ առանձնացված ստորաբաժանումներից, որոնք ինքնուրույն արտադրում և իրացնում են ակցիզներով հարկվող ապրանքներ:
3. Սահմանել ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը.
Իրացված ապրանքների անվանումը Դրույքաչափը տոկոսներով` իրացված ապրանքների գների նկատմամբ
Օղի 60
Լիկյոր-օղու արտադրանք 73
Խաղողի գինիներ 35
Կոնյակ 50
Շամպայն գինիներ 40
Շոկոլադ 34
Ծխախոտի արտադրանք`
1-ին կարգի սիգարետներ ֆիլտրով 38
2-րդ և 3-րդ կարգի սիգարետներ ֆիլտրով 20
4-րդ կարգի սիգարետներ ֆիլտրով 9
Մարդատար ավտոմեքենաների ավտոդողեր 57
Ոսկերչական արտադրանք (ներառյալ ադամանդներով իրեր) 10
Մորթի և մորթեղեն (բացի ոչխարի, ճագարի և շան մորթուց) 30
Բարձրորակ ճենապակյա և բյուրեղապակյա արտադրանք 40
Գորգեր և գորգագործական արտադրանք
(մեքենայական արտադրության),
ներառյալ` ժակկարդային երկշերտ կիսաբրդյա 15
Բնական կաշվից հագուստ 30
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 5-օրյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:
5. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության
նախագահ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
27 հունվարի 1992 թվականի,
քաղ. Երևան