Հոդված 2
Հոդված 2
1. Սույն համաձայնագրի առարկան մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ մյուս անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվության ապահովումն է:
2. Սույն համաձայնագրի դրույթները չեն տարածվում ֆինանսական շուկայի ոլորտում հատուկ իրավական ռեժիմով անդամ պետությունների իրավազորությունների (տարածքների) վրա։
3. Յուրաքանչյուր անդամ պետություն ստեղծում է պայմաններ՝ դիլերային գործունեություն իրականացնելու նպատակով մյուս անդամ պետությունների դիլերների՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվության համար, ինչպես նաև մյուս անդամ պետությունների բրոքերների՝ բացառապես ազգային հաճախորդների և Միության անդամ չհանդիսացող պետությունների հաճախորդ ռեզիդենտների շահերից ելնելով բրոքերային ծառայություններ մատուցելու համար՝ հաշվի առնելով սույն հոդվածի 10-րդ կետի դրույթները:
4. Մեկ անդամ պետության բրոքերների ու դիլերների՝ մյուս անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը տրամադրվում է ոչ պակաս բարենպաստ պայմաններով, քան այդ մյուս անդամ պետության տարածքում գրանցված բրոքերներին ու դիլերներին այդպիսի բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից տրամադրվող մասնակցության թույլտվության պայմանները՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները։
5. Մեկ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մյուս անդամ պետությունների բրոքերների և դիլերների մասնակցության թույլտվությունը տրամադրվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա, որտեղ գրանցված է բրոքերը (դիլերը):
6. Բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվության դեպքում բրոքերներին և դիլերներին հնարավորություն է տրվում, այդ թվում՝
1) կազմակերպված սակարկությունների ժամանակ հայտեր ներկայացնել և գործարքներ կնքել (բորսայի (առևտրի կազմակերպչի) պահանջները կատարելու պայմանով).
2) դառնալ քլիրինգի մասնակիցներ՝ այն անդամ պետության տարածքում գրանցված քլիրինգային կազմակերպության ծառայությունների օգտագործմամբ, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը) (այդպիսի կազմակերպության պահանջները կատարելու պայմանով).
3) ստանալ կազմակերպված սակարկություններին և քլիրինգին մասնակցության տեխնիկական թույլտվություն (այդ տեխնիկական թույլտվությունը տրամադրող անձի պահանջները կատարելու պայմանով).
4) անդամ պետությունների դեպոզիտարիաներում (կենտրոնական դեպոզիտարիաներում) բացել համապատասխան հաշիվներ (դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի) պահանջները կատարելու պայմանով):
7. Մեկ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը մյուս անդամ պետությունների բրոքերներին և դիլերներին կարող է տրամադրվել կազմակերպված սակարկություններին, դեպոզիտարային և քլիրինգային ծառայություններին հեռահար մուտքի միջոցով:
8. Մեկ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մյուս անդամ պետությունների բրոքերների և դիլերների մասնակցության թույլտվությունը տրամադրվում է նրանց կողմից այն անդամ պետության օրենսդրության պահանջների պահպանման պայմանով, որտեղ գրանցված է այդ բորսան (առևտրի կազմակերպիչը), այդ թվում` արժեթղթերի շուկայի կարգավորման ոլորտում (ներառյալ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների (ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերի) շուկայում բրոքերային և դիլերային գործառնություններ կատարելը), արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների (ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերի) շուկայում չարաշահումներին հակազդելու ոլորտում (ներառյալ շուկայի մանիպուլյացիան և ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործումը), բորսայական, քլիրինգային և դեպոզիտարային գործունեության ոլորտում, ինչպես նաև բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից սահմանված կանոնների պահպանման պայմանով։
Այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից սահմանվող պրուդենցիալ վերահսկողության լիցենզիոն պահանջներն ու նորմատիվները, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), չեն տարածվում մյուս անդամ պետությունների բրոքերների և դիլերների վրա:
Իր հաճախորդների հետ բրոքերի փոխգործակցության կարգը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությամբ (այդ թվում՝ լիազորված մարմինների կողմից), որտեղ գրանցված է այդ բրոքերը:
9. Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դեպոզիտարային գործունեություն իրականացնող՝ մեկ անդամ պետության բրոքերներն ու դեպոզիտարիաները (կենտրոնական դեպոզիտարիան) իրավունք ունեն հաշիվներ բացելու մյուս անդամ պետությունների դեպոզիտարիաներում (կենտրոնական դեպոզիտարիաներում)՝ այդ մյուս անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։
Բրոքերը, դեպոզիտարիան (կենտրոնական դեպոզիտարիան), որոնց համար բացվել է արտասահմանյան անվանատիրոջ հաշիվը, պարտավոր են ապահովել այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ դեպոզիտային գործունեության նկատմամբ սահմանված պահանջների կատարումը, որի տարածքում իր գործունեությունն է իրականացնում այն դեպոզիտարիան (կենտրոնական դեպոզիտարիան), որում բացված է այդպիսի հաշիվ:
10. Անդամ պետությունն իրավունք ունի սահմանելու սահմանափակումներ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև այն երրորդ պետությունների ու տարածքների նկատմամբ, որոնց ռեզիդենտներին այդ անդամ պետության բրոքերներն իրավունք չունեն ծառայություններ մատուցելու այդ անդամ պետության տարածքում։
Բորսան (առևտրի կազմակերպիչը), այն անդամ պետության լիազորված մարմնի հետ համաձայնեցված ժամկետի ընթացքում, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), սահմանված ընթացակարգով կասեցնում է այն բրոքերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը, որը շարունակում է այդ բորսայում (առևտրի կազմակերպչում) իրականացնել բրոքերային գործունեություն՝ երրորդ պետությունների ու տարածքների այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ռեզիդենտների շահերից ելնելով, որոնց նկատմամբ գործում են սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումները։ Տեխնիկական հնարավորության առկայության դեպքում բրոքերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը կասեցվում է միայն բրոքերի՝ այդ հաճախորդների շահերից բխող գործառնությունների մասով։ Ընդ որում, մինչև բրոքերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը կասեցնելը, նրա կողմից կնքված գործարքների մասով հաշվարկները պետք է ավարտին հասցվեն։
11. Յուրաքանչյուր անդամ պետություն ֆինանսական համակարգի կայունության պահպանման և (կամ) տնտեսական ռիսկերի կանխարգելման համար (բացառիկ դեպքերում) կարող է սահմանել ինչպես այդ անդամ պետության բրոքերների ու դիլերների, այնպես էլ իր տարածքում գործունեություն իրականացնող մյուս անդամ պետությունների բրոքերների ու դիլերների կողմից արժեթղթերի ու ածանցյալ ֆինանսական գործիքների (ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերի) հետ գործառնությունների կատարման ժամանակավոր հատուկ կարգն ու պայմանները։ Այդպիսի միջոցների կիրառումը դադարեցվում է այն դեպքում, երբ դրանց սահմանումը պայմանավորող հանգամանքները կդադարեն գոյություն ունենալուց։