Հոդված 6
Հոդված 6
1. Լիազորված մարմինը, սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ստացված տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև այլ դեպքերում (անհրաժեշտության դեպքում) անցկացնում է մյուս անդամ պետությունների բրոքերների ու դիլերների գործունեության, նրանց գործառնությունների և նրանց պատասխանատու անձանց գործառնությունների ստուգում։
2. Ստուգումը նշանակվում և անցկացվում է լիազորված մարմնի կողմից՝ իր անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
3. Սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքում ստուգումը կարող է անցկացվել այն անդամ պետության լիազորված մարմնի հետ համատեղ, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), այն անդամ պետության՝ ստուգման կազմակերպիչը հանդիսացող լիազորված մարմնի համաձայնության դեպքում, որտեղ գրանցված է բրոքերը (դիլերը), և այն դեպքում, երբ այդ ստուգումների անցկացումը չի հակասում այդ անդամ պետությունների օրենսդրությանը։
Սույն հոդվածի 5-րդ և 7-րդ կետով նախատեսված դեպքերում ստուգումը կարող է անցկացվել այն անդամ պետության լիազորված մարմնի հետ համատեղ, որտեղ գրանցված է բրոքերը (դիլերը), ստուգման կազմակերպիչը հանդիսացող լիազորված մարմնի համաձայնության դեպքում և այն դեպքում, երբ այդ ստուգումների անցկացումը չի հակասում այդ անդամ պետությունների օրենսդրությանը։
4. Այն դեպքում, երբ խախտումը կապված է մյուս անդամ պետության բրոքերի՝ իր հաճախորդների հետ փոխգործակցության կարգի հետ, այն անդամ պետության լիազորված մարմինը, որտեղ գրանցված է բրոքերը, ձեռնարկում է միջոցներ՝ ուղղված խախտումների վերացմանը և (կամ) այդ բրոքերին և (կամ) նրա պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելուն, և համապատասխան որոշումն ընդունելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ այդ մասին տեղեկացնում է (անհրաժեշտության դեպքում, նաև տրամադրում է հաստատող փաստաթղթեր) այն անդամ պետության լիազորված մարմնին, որտեղ գրանցված է բորսան։
5. Այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջների ու արգելքների խախտման դեպքում, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը) (այդ թվում՝ ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործման և շուկայի մանիպուլյացիայի ոլորտում), այդ անդամ պետության լիազորված մարմինը ձեռնարկում է ազդեցության միջոցներ՝ ուղղված խախտումների վերացմանը և (կամ) այդպիսի խախտումներ կատարած բրոքերին և (կամ) նրա պատասխանատու անձանց, և (կամ) նրա հաճախորդներին պատասխանատվության ենթարկելուն, և համապատասխան որոշումն ընդունելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ այդ մասին տեղեկացնում է (անհրաժեշտության դեպքում, նաև տրամադրում է հաստատող փաստաթղթեր) այն անդամ պետության լիազորված մարմնին, որտեղ գրանցված է բրոքերը (դիլերը)։
6. Բորսան (առևտրի կազմակերպիչը) իրավունք ունի կասեցնելու (դադարեցնելու) մյուս անդամ պետության բրոքերի կամ դիլերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը՝ այդ բրոքերի (դիլերի) կողմից բորսայի (առևտրի կազմակերպչի) կանոնները, ինչպես նաև այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջներն ու արգելքները խախտելու դեպքում, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)։
Բորսան (առևտրի կազմակերպիչը) կասեցնում (դադարեցնում) է մյուս անդամ պետության բրոքերի կամ դիլերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը՝ համապատասխան բրոքերի կամ դիլերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը կասեցնելու (դադարեցնելու) անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվությունն այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից ստանալու դեպքում, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)։
7. Այլ խախտումների վերաբերյալ տեղեկատվությունն այն անդամ պետության լիազորված մարմին ներկայացվելու դեպքում, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), այդ լիազորված մարմինը, իր օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում է միջոցներ՝ ուղղված խախտումները վերացնելուն և (կամ) համապատասխան բրոքերին (դիլերին) պատասխանատվության ենթարկելուն, և համապատասխան որոշումն ընդունելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ այդ մասին տեղեկացնում է այն անդամ պետության լիազորված մարմնին, որտեղ գրանցված է բրոքերը (դիլերը)։
8. Այն դեպքում, երբ սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ստացված տեղեկատվության հիման վրա ընդունվել է որոշում՝ համապատասխան բրոքերին (դիլերին) և (կամ) նրա պատասխանատու անձանց նկատմամբ ազդեցության միջոցներ կիրառելու վերաբերյալ, լիազորված մարմինը, համապատասխան որոշումն ընդունելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ, այդ մասին տեղեկացնում է նշված տեղեկատվությունը փոխանցած լիազորված մարմնին։
9. Սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկատվությունը փոխանցած լիազորված մարմինը բորսային (առևտրի կազմակերպչին) ծանուցում է ստուգման արդյունքների մասին: Լիազորված մարմնի կողմից խախտում հայտնաբերվելու դեպքում բորսան (առևտրի կազմակերպիչը) իրականացնում է գործողություններ՝ ուղղված մյուս անդամ պետության բրոքերի (դիլերի) նկատմամբ ազդեցության միջոցների կիրառմանը (ներառյալ բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվության կասեցումը (դադարեցումը))։
10. Պատասխանատվության միջոցների կիրառման և անդամ պետությունների պետական իշխանության մարմինների կողմից ընդունված որոշումների կատարումն ապահովելու հետ կապված հարցերը, սույն հոդվածի 5-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում, սահմանվում են Միության շրջանակներում առանձին միջազգային պայմանագրով (միջազգային պայմանագրերով):