ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
21 հունվարի 2022 թվականի թիվ 2 քաղ. Բիշքեկ
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի 4 4.2 կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից 2022-2025 թվականներին ստանդարտացման և չափագիտության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների անցկացումն ապահովելու նպատակով՝
1. Հավանություն տալ ստանդարտացման և չափագիտության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների արդիական ուղղությունների՝ կից ներկայացվող ցանկին (այսուհետ՝ արդիական ուղղությունների ցանկ)։
2. Հանձնաժողովին՝ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ, արդիական ուղղությունների ցանկին համապատասխան, ապահովել առաջարկությունների նախապատրաստում՝ ստանդարտացման և չափագիտության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների անցկացման վերաբերյալ՝ համապատասխան ֆինանսական տարվա համար Եվրասիական տնտեսական միության բյուջեում Հանձնաժողովի հետազոտական գործունեության ֆինանսավորման համար նախատեսվող ընդհանուր ծախսերի շրջանակներում Հանձնաժողովի գիտահետազոտական աշխատանքների ամենամյա պլաններում ընդգրկելու համար։
3. Խնդրանքով դիմել անդամ պետությունների կառավարություններին՝ հաշվի առնել արդիական ուղղությունների ցանկը՝ գիտահետազոտական աշխատանքների շրջանակներում անցկացվող և անցկացման համար նախատեսվող ազգային հետազոտությունները պլանավորելիս։
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Բ. Սուլթանով Ա. Կոժոշև Ա. Օվերչուկ
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
2022 թվականի հունվարի 21-ի
թիվ 2 կարգադրությամբ
ՑԱՆԿ
ստանդարտացման և չափագիտության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների արդիական ուղղությունների
1. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման և կատարման համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող փաստաթղթերի մշակում՝ այդպիսի փաստաթղթերի անալոգների բացակայության դեպքում։
2. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը, կիրառումն ու կատարումը ապահովող ստանդարտների ցանկերում ընդգրկված ստանդարտներում սահմանված՝ արտադրանքին ներկայացվող պահանջների գիտատեխնիկական մակարդակի գնահատում և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատման անցկացում՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի և համապատասխան ստանդարտների արդիականացումն իրականացնելիս դրանց հաշվառման համար գիտականորեն հիմնավորված առաջարկություններ մշակելու նպատակով։
3. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջպետական, ազգային և ոչ պետական ստանդարտացման զարգացում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտեգրման զարգացման, տնտեսական զարգացման մակարդակների մոտեցման, Եվրասիական տնտեսական միության տնտեսական համագործակցության ոլորտների ընդլայնման և ինտեգրացիոն ներուժի զարգացման նպատակների համար։
4. Միջպետական և ազգային ստանդարտների բազայի կատարելագործում՝ բնական ռեսուրսների կայուն զարգացման, պահպանման և ռացիոնալ օգտագործման, շրջանաձև տնտեսության (փակ ցիկլի տնտեսության), «կանաչ» տեխնոլոգիաների, ջերմոցային գազերի ցածր մակարդակի արտանետումներով տեխնոլոգիաների զարգացման նպատակներով։
5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում շրջանառության մեջ դրվող արտադրանքի անվտանգության միասնական պահանջների չափագիտական ապահովման կատարելագործում։
6. Եվրասիական տնտեսական միության արտադրանքի ընդհանուր շուկաների չափագիտական ապահովման զարգացում։
7. Չափումների նոր միջոցների և ստանդարտ նմուշների, ինչպես նաև նոր սերնդի չափումների միջոցների ստեղծման գիտատեխնիկական հիմքերի մշակում։