Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 52.1. Սպառողների շահերի պաշտպանության նպատակով կանխարգելիչ միջոցառումների կիրառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 52.1. Սպառողների շահերի պաշտպանության նպատակով կանխարգելիչ միջոցառումների կիրառումը

1. Սույն օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ կամ 6-րդ մասերով սահմանված արարքը կատարելու հիմքով վարույթ հարուցելու մասին որոշմամբ հանձնաժողովի նախագահը կարող է կիրառել կանխարգելիչ միջոցառումներ։ Կանխարգելիչ միջոցառումների կիրառման դեպքում, ի թիվս այլնի, հաշվի են առնվում նաև լիցենզավորված անձի կողմից նախկինում կատարված խախտումների քանակը, հաճախականությունը կամ բնույթը։

2. Սույն հոդվածով սահմանված կարգով հանձնաժողովի նախագահը իրավասու է կիրառելու հետևյալ կանխարգելիչ միջոցառումներից մեկը կամ մի քանիսը միասին.

1) սահմանել առերևույթ խախտումների կամ դրանց հետևանքների վերացման ծրագիր և լիցենզավորված անձից պահանջել իրականացնել դրանով սահմանված միջոցները.

2) հրավիրել լիցենզավորված անձի կառավարման մարմինների նիստեր (ժողովներ)՝ հանձնաժողովի նախագահի սահմանած օրակարգով.

3) պահանջել հանձնաժողովի նախագահի սահմանած ժամկետում կատարել լիցենզավորված անձի կանոնադրության փոփոխություն և դիմել պետական ռեգիստր կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումն ապահովելու նպատակով.

4) պահանջել հանձնաժողովի նախագահի սահմանած ժամկետում կատարել լիցենզավորված անձի կառավարման մարմինների անդամի կամ անդամների փոփոխություն.

5) նշանակել լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ:

3. Լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի նշանակմամբ և նրա գործունեության ամբողջ ընթացքում նրան են անցնում լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները՝ բացառելով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշմամբ սահմանված ժամանակահատվածում լիցենզավորված անձի գործադիր մարմնի լիցենզավորած անձի գործադիր կառավարումն իրականացնելը: Լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածում լիցենզավորված անձի կառավարման այլ մարմիններն իրենց իրավասությունները (լիազորությունները) իրականացնում են ժամանակավոր կառավարչի համաձայնությամբ։

4. Ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և էներգետիկայի բնագավառում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման ոլորտներում առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ, կամ այն անձը, որն առնվազն երեք տարի գործունեություն է ծավալել նշված ոլորտներում:

5. Ժամանակավոր կառավարիչ նշանակելու դեպքում հանձնաժողովի նախագահը վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին որոշմամբ պետք է սահմանի նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում գործելու է ժամանակավոր կառավարիչը, որը կարող է սահմանվել ոչ ավել, քան մինչև վարույթի արդյունքով ընդունված վարչական ակտն ուժի մեջ մտնելը:

6. Սույն հոդվածով նախատեսված վարչական վարույթի արդյունքով լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածը շարունակվում է մինչև սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործընթացների ավարտը, եթե լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշմամբ հանձնաժողովը չի նշանակում այլ կառավարիչ՝ սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով:

7. Ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը պետք է հրապարակվի հանձնաժողովի պաշտոնական կայքում և տեղադրվի Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ ժամանակավոր կառավարչի վերաբերյալ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունները ժամանակավոր կառավարչի դիմումի հիման վրա պետք է գրառվեն իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում:

8. Ժամանակավոր կառավարչի գործունեության դիմաց վարձատրությունն իրականացվում է լիցենզավորված անձի հաշվին՝ հանձնաժողովի նախագահի սահմանած չափով։

9. Ժամանակավոր կառավարչի գործունեության արդյունքով լիցենզավորված անձին պատճառված վնասները ենթակա են հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:

10. Կանխարգելիչ միջոցառումների կիրառման և սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված ժամանակահատվածում դատարանում չի կարող քննության առարկա դառնալ լիցենզավորված անձի սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը (սնանկ ճանաչելու հարցը), և նման դիմումները (դրանք վարույթ ընդունելը) ենթակա են մերժման:

(52.1-ին հոդվածը լրաց. 03.07.25 ՀՕ-196-Ն)

(03.07.25 ՀՕ-196-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։