Հոդված 29. Զենքի կիրառումը (գործադրումը և օգտագործումը)
Հոդված 29. Զենքի կիրառումը (գործադրումը և օգտագործումը)
1. Մաքսային մարմնի հանրային ծառայողներն իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս մաքսանենգության և մաքսային գործի հետ կապված այլ հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման ժամանակ իրավունք ունեն զենք գործադրելու`
1) քաղաքացիներին` նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հարձակումից պաշտպանելիս.
2) մաքսային մարմնի հանրային ծառայողի վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև նրա զենքին տիրանալու փորձը կանխելիս.
3) ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու պահին կամ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված կամ խմբակային դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.
4) մաքսային մարմնի տնօրինության տակ գտնվող շենքերի, շինությունների և տարածքների վրա, ինչպես նաև մաքսային մարմնի հանրային ծառայողի կողմից իրականացվող ուղեկցման և ապրանքների տեղափոխման ժամանակ խմբային կամ զինված հարձակումը հետ մղելիս:
2. Մաքսային մարմնի հանրային ծառայողներն իրավունք ունեն զենք օգտագործելու`
1) մարդկանց կյանքին, առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.
2) զենք օգտագործելու կամ գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնություն կանչելիս:
3. Արգելվում է զենքի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման և զինված դիմադրության դեպքերի), ինչպես նաև երբ զենքի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:
4. Մաքսային մարմնի սպառազինության մեջ կարող են ընդգրկվել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված զենքի համապատասխան տեսակներ: Մաքսային մարմնի սպառազինության մեջ ընդգրկվող զենքի տեսակները՝ ըստ մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, պաշտոնների և ծառայողական պարտականությունների, սահմանվում են մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:
5. Մաքսային մարմնի ստորաբաժանումներում գտնվող զենքի հաշվառումը, մաքսային մարմնի հանրային ծառայողներին՝ ըստ գործառույթների, զենք տալու, նրանց կողմից զենքը հանձնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մաքսային մարմնի ղեկավարի հրամանով:»: