Հոդված 12. Կառավարման խորհուրդը
Հոդված 12. Կառավարման խորհուրդը
1. Կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Չափագիտության ազգային մարմնի կառավարման մարմինն է, որը կազմված է 7 անդամներից` չափագիտության գերակա ոլորտներում ներգրավված շահագրգիռ 4 պետական կառավարման մարմինների և 3 ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
2. Խորհրդի անհատական կազմը սահմանում է լիազորված պետական կառավարման մարմինը:
3. Չափագիտության ազգային մարմնի տնօրենը Խորհրդի քարտուղարն է և չի կարող հանդես գալ որպես Խորհրդի նախագահ:
4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է քվեարկության ձայնի իրավունք ունեցող Խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:
5. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի անդամների կողմից:
6. Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ:
7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
8. Խորհուրդը`
1) ընդունում է որոշումներ Չափագիտության ազգային մարմնի գործունեության պլանավորման և գործունեության հետ կապված խնդիրների կանոնակարգման վերաբերյալ.
2) հաստատում է Չափագիտության ազգային մարմնի աշխատանքային ծրագրերը.
3) դիմում է շահագրգիռ կողմերին` տարբեր հարցերի շուրջ կարծիք արտահայտելու առաջարկով.
4) քննարկում է Չափագիտության ազգային մարմնի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը և ներկայացնում է առաջարկություն` այն լիազոր պետական կառավարման մարմնի հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ.
5) քննարկում, հաստատում և հրապարակում է Չափագիտության ազգային մարմնի գործունեության տարեկան արդյունքները.
6) ապահովում է չափագիտության ազգային համակարգի համապատասխանությունն ազգային տնտեսության շահերին, նյութատեխնիկական բազայի ներկա վիճակին և գիտատեխնիկական առաջընթացին.
7) համակարգում է Հայաստանի Հանրապետությունում ազգային, միջազգային և տարածաշրջանային չափագիտական աշխատանքները` այդ աշխատանքների կատարմանը ներգրավելով շահագրգիռ կողմերին և համապատասխան փորձագետների.
8) իրականացնում է Չափագիտության ազգային մարմնի կանոնադրությամբ Խորհրդին վերապահված այլ լիազորություններ: