«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11006008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 հունվարի 2006 թ.
ք. Երևան N 04-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 556-Մ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանցիներին էքստեռն փոխադրական քննություններին թույլատրելու համար կազմակերպվող հարցազրույցի չափորոշիչները /հավելվածը կցվում է/:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ԿԳ նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 21-ի «Էքստեռն փոխադրական և ավարտական քննությունների կազմակերպելու կարգի մի քանի ենթակետերի կասեցման մասին» N 556-Մ հրամանը:
3. Հանրակրթության վարչությանը /պետ` Ն. Հովհաննիսյան/, օրենսդրության և իրավաբանական վարչությանը /պետ` Մ. Գրիգորյան/ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ն. Ղուկասյանին:
ՀՀ կրթության և գիտության
նախարար` Ս. Երիցյան
Հաստատված է
ՀՀ կրթության ևգիտության նախարարի
10.01.2006թ. N 04-Ն հրամանով
———————————— Ս. Երիցյան
Չ ա փ ո ր ո շ ի չ ն ե ր
Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանցիներին էքստեռն փոխադրական քննություններին թույլատրելու համար կազմակերպվող հարցազրույցի
Սույն չափորոշիչները նպատակ ունեն լրացուցիչ կանոնակարգման ենթարկելու 9-րդ դասարանցիներին էքստեռն կարգով փոխադրական քննություններին թույլատրելու ՀՀ ԿԳ նախարարի 17.01.2000թ. N 08-Մ հրամանով հաստատված կարգի համաձայն իրականացվող գործընթացը:
Այդ նպատակով ԿԳ նախարարությունում նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի համար սահմանվում են հարցազրույցի անցկացման հետևյալ չափորոշիչները.
1. Հարցազրույցը ընդգրկում է հարցեր հանրակրթական դպրոցի տվյալ ուսումնական տարվա ուսումնական պլաններով 9-րդ և 10-րդ դասարանների /10-րդ դասարանի 1-ին կիսամյակի/ առարկայական ծրագրերով նախատեսված ուսումնական նյութից:
2. Հարցերի թվաքանակը չի կարող գերազանցել 20-ը, ընդ որում` հետևյալ հարցերի
երաշխավորված բաշխմամբ:
N Ուսումնական առարկաներ Հարցերի թիվը
1. Հայոց լեզու 3
2. Գրականություն 2
3. Ռուսաց լեզու 1
4. Օտար լեզու 1
5. Հանրահաշիվ 1
6. Երկրաչափություն 1
7. Աշխարհագրություն 1
8. Պատմություն 2
9. Իրավունք 1
10. Ինֆորմատիկա 1
11. Ֆիզիկա 2
12. Աստղագիտություն 1
13. Քիմիա 1
14. Կենսաբանություն 1
15. Նախնական զինվոր. պատ. 1
3. Տրվող հարցերը պետք է ունենան դասագրքերում առկա հստակ պատասխաններ և պետք է ստուգեն աշակերտի առարկայական գիտելիքները, տրամաբանելու, վերլուծելու, համադրելու կարողությունները:
4. Հարցազրույցի արդյունքում առնվազն 11 հարցին դրական պատասխան տված աշակերտներին թույլատրվում է մասնակցել էքստեռն քննություններին:
5. Հարցերը և դրանց տրված պատասխանները արձանագրվում են: