Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ (բացառությամբ անգործունակ ճանաչված անձի կողմից սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքի), օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե`
1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.
2) կարող է բացատրվել հայերեն լեզվով և
3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`
1) որը մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու hետ և այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակ կամ ծնող.
2) որի ծնողները (կամ նրանցից մեկը) նախկինում ունեցել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, և որը օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.
3) (կետն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-319-Ն)
4) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից.
5) որը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել է փախստական կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող` քաղաքացիություն չունեցող անձ:
Առանց սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը կամ անգործունակ անձը, որի խնամակալը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև երկրորդ մասով սահմանված պահանջների պահպանման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց: Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ, իսկ անգործունակ ճանաչված անձի դեպքում` խնամակալի միջոցով, պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է, կամ առկա է հիմնավոր կասկած, որ կարող է վնասել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը տալիս է հետևյալ երդումը. «Ես` (անուն-ազգանուն), դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները:»:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը ստորագրում է երդման տեքստը: Երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում ներկայանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ: Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայանում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
(13-րդ հոդվածը խմբ. 26.02.07 ՀՕ-75-Ն, փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-319-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-74-Ն, լրաց. 07.05.15 ՀՕ-33-Ն, խմբ. 06.12.17 ՀՕ-251-Ն, լրաց. 31.05.19 ՀՕ-44-Ն, փոփ., լրաց. 08.12.21 ՀՕ-393-Ն, խմբ., լրաց. 07.07.22 ՀՕ-284-Ն, 25.10.23 ՀՕ-334-Ն)
(07.07.22 ՀՕ-284-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 22.01.25 ՀՕ-4-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)
(22.01.25 ՀՕ-4-Ն օրենքն ունի անցումային դրույթ)