Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Հոդված 21. Ապրանքային նշանի գրանցման չեղյալ ճանաչումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Ապրանքային նշանի գրանցման չեղյալ ճանաչումը

(վերնագիրը փոփ. 13.04.23 ՀՕ-143-Ն)

1. Ապրանքային նշանի գրանցումը կարող է չեղյալ ճանաչվել դատարան ներկայացված համապատասխան հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա, եթե՝

1) ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված երեք տարի անընդմեջ կամ հայցը (հակընդդեմ հայցը) ավելի ուշ ներկայացնելու դեպքում դրան անմիջականորեն նախորդող երեք տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես չի օգտագործվել կամ իրական օգտագործման մեջ չի դրվել ապրանքային նշանի իրավատիրոջ կամ սույն օրենքի համաձայն` տվյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը` հաշվի առնելով սույն օրենքի 17-րդ հոդվածի դրույթները.

2) ապրանքային նշանի իրավատիրոջ գործունեության կամ անգործության հետևանքով ապրանքային նշանը դարձել է համընդհանուր օգտագործման անվանում այն ապրանքի կամ ծառայության համար, որի համար այն գրանցված է.

3) ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից անմիջականորեն կամ նրա համաձայնությամբ ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ ապրանքային նշանի օգտագործումը կարող է սպառողին մոլորության մեջ գցել, մասնավորապես այն ապրանքների և (կամ) ծառայությունների տեսակի հարցում, որոնց համար այն գրանցված է, կամ ապրանքների և (կամ) ծառայությունների որակի, աշխարհագրական ծագման կամ ապրանքն արտադրողի (ծառայություն մատուցողի) հարցերում:

2. Եթե ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու հիմքը առկա է միայն ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, ապա ապրանքային նշանի գրանցումը չեղյալ է ճանաչվում մասնակիորեն՝ միայն համապատասխան ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ։

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները կիրառվում են միջազգային գրանցման հիման վրա Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանների նկատմամբ մութաթիս մութանդիս (mսtatis mսtandis):

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերին համապատասխան` դատարանի վճռի հիման վրա ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու դեպքում դրա իրավատերը զրկվում է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներից ամբողջովին կամ մասնակիորեն՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից։

(21-րդ հոդվածը փոփ., խմբ. 13.04.23 ՀՕ-143-Ն)

(13.04.23 ՀՕ-143-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։