Հոդված 22. Ապրանքային նշանի գրանցման անվավերության բացարձակ հիմքերը
Հոդված 22. Ապրանքային նշանի գրանցման անվավերության բացարձակ հիմքերը
1. Ապրանքային նշանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել դատարան ներկայացված համապատասխան հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա, եթե ապրանքային նշանի գրանցումը չի համապատասխանում սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված պահանջներին:
2. Ապրանքային նշանի գրանցումը, որը չի համապատասխանում սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերի դրույթներին, չի կարող անվավեր ճանաչվել, եթե գրանցումից հետո օգտագործման արդյունքում ապրանքային նշանը տարբերակիչ հատկություն է ձեռք բերել այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար այն գրանցվել է:
3. Եթե անվավեր ճանաչելու հիմքերը վերաբերում են այն ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասին, որոնց համար գրանցված է տվյալ ապրանքային նշանը, ապա գրանցումը կարող է անվավեր ճանաչվել միայն ապրանքների և (կամ) ծառայությունների այդ մասի համար:
4. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն հայց կարող է ներկայացնել ցանկացած անձ` ապրանքային նշանի իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում:
(22-րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-184-Ն)