Հոդված 7. Ստուգումն իրականացնող անձանց իրավունքները
Հոդված 7. Ստուգումն իրականացնող անձանց իրավունքները
Ստուգումն իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն`
ա) տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանումներ.
բ) պահանջել փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին.
գ) անհրաժեշտության դեպքում ստուգումներին ներգրավել տնտեսավարող սուբյեկտի մասնագետներին` տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ.
դ) սահմանել ժամկետներ` բացահայտված այն թերությունների և խախտումների վերացման համար, որոնք չեն առաջացնում քրեական կամ վարչական պատասխանատվություն.
ե) առաջարկություններ ներկայացնել ստուգում նշանակող պետական մարմնի ղեկավարությանը` վարչական կամ քրեական պատասխանատվություն առաջացնող ստուգման շրջանակներում բացահայտված չարաշահումների և այլ խախտումների կապակցությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար.
զ) վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին և չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին: Փաստաթղթերը վերցնելիս ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք կնիքով կնքում են դրանց կրկնօրինակները և հանձնում տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչներին.
է) իրականացնել ստուգման նպատակի հետ կապված չափագրումներ, կշռող, չափող և նմանատիպ այլ սարքերի ու սարքավորումների շահագործման ճշտության հսկիչ ստուգումներ.
ը) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի կողմից դրամական գործառնություններ կատարելու, հաշվետվություններ և հաշվարկներ կազմելու ճշտությունը հիմնավորելու նպատակով իրականացնել գործարքի մյուս կողմի մոտ հանդիպակաց` միայն տվյալ գործարքի կատարման օրինականության ստուգումներ.
թ) ստուգման հրամանում նշված հարցերի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարից կամ նրան փոխարինող անձից պահանջել անցկացնելու ակտիվների և պարտավորությունների գույքագրումներ: Գույքագրում կատարելիս ներգրավել տնտեսավարող սուբյեկտի համապատասխան աշխատակիցների և մասնագետների.
ժ) անհրաժեշտության դեպքում գույքի նկատմամբ իրավունքները գրանցող, հարկային, մաքսային և այլ պետական մարմիններից, կազմակերպություններից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պահանջել ստուգվող սուբյեկտի գործարքների հաշիվների շարժի մասին տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ:
ժա) ստուգման ցանկացած փուլում առանձին հարցերի պարզաբանման նպատակով ստուգմանը ներգրավել տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող տնտեսական գործունեության ոլորտի համապատասխան մասնագետների և թարգմանիչների:
(7-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-480-Ն, 08.07.05 ՀՕ-152-Ն, լրաց. 15.12.05 ՀՕ-28-Ն, 04.02.10 ՀՕ-17-Ն, փոփ. 19.12.12 ՀՕ-242-Ն)