Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-11-17-ից մինչև 2007-12-22։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2007-12-22-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը և կարգավորման առարկան

գործել է մինչև 2007-12-22ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը և կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններում, հիմնարկներում (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) գործունեության ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց իրականացման միասնական կարգը:

2. Ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

3. Ուսումնասիրությունը տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական ու փաստացի գործունեության վիճակը` վերջինիս ներկայացրած հաշվապահական հաշվեկշռի, ֆինանսական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվությունների հիման վրա, ստուգումն իրականացնող մարմնի կողմից ստուգող մարմնում` պարզաբանելու նպատակով իրականացվող ներքին ընթացակարգ է, բացառությամբ սույն կետի իններորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Հարկային մարմինները կարող են անցկացնել տնտեսավարող սուբյեկտի կողմից հարկային մարմին ներկայացրած հաշվետվությունների, հաշվարկների, հայտարարագրերի, ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությունների և օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների (այսուհետ սույն հոդվածում՝ հաշվետվություններ) կամերալ (գրասենյակային) ուսումնասիրություններ: Կամերալ ուսումնասիրության նպատակն է պարզել հարկերի հաշվարկման ճշտությունը, միևնույն հաշվետվության ցուցանիշների, տվյալների և թվաբանական հաշվարկների ճշտությունը, տարբեր հաշվետվություններում առկա համադրելի ցուցանիշների կամ տեղեկությունների համապատասխանությունը, հաշվետվություններում արտացոլված ցուցանիշների և տեղեկությունների համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու պետական մարմիններից ստացված տեղեկությունների հետ:

Սույն հոդվածով նախատեսված ուսումնասիրությունը իրականացվում է հարկային մարմնի գրասենյակում` առանց տնտեսավարող սուբյեկտին այցելության և լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պահանջի:

Կամերալ ուսումնասիրության արդյունքում հաշվետվություններում խախտումներ, անճշտություններ, անհամապատասխանություններ (այսուհետ սույն հոդվածում` խախտումներ) հայտնաբերելու դեպքում դրա վերաբերյալ կազմվում է արձանագրություն (երկու օրինակից), որը ուսումնասիրություն անցկացնող հարկային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում փոստով կամ առձեռն տրամադրում է տնտեսավարող սուբյեկտին: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) հինգ աշխատանքային օրվա ընթացքում արձանագրված խախտումների հետ համաձայնելու դեպքում հարկային մարմին է ներկայացնում օրենսդրությամբ սահմանված ճշտված (ճշգրտված) հաշվետվությունը կամ հաշվետվությունները: Արձանագրված խախտումների հետ համաձայն չլինելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) հարկային մարմին է ներկայացնում իր գրավոր առարկությունները:

Սույն հոդվածով նախատեսված ուսումնասիրության ընթացքում լրացուցիչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ միայն տնտեսավարող սուբյեկտի կողմից հարկային մարմնի հայտնաբերած խախտումները ընդունելու և ճշգրտված հաշվետվություններ ներկայացնելու արդյունքում:

Հարկային մարմինը նշված գրավոր առարկությունները կցում է տնտեսավարող սուբյեկտի հարկային գործին և կարող է դրանք օգտագործել միայն սույն օրենքով նախատեսված ստուգումների ժամանակ: Ինչ վերաբերում է նշված խախտումների հետևանքով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներին, ապա այդ խախտումների հիմքով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների կրկնակի ստուգումներ կարող են անցկացվել միայն սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:

Ուսումնասիրություն է նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարության տեսչական մարմինների ստուգումից հետո տրված հանձնարարականների կատարման ճշտման ընթացակարգը:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հարկային մարմինների կողմից հաշվեգրվող հարկերի մասով տնտեսվարող սուբյեկտի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների որոշման, տվյալ հարկատեսակի հաշվանցումների ճշտության արձանագրման (այսուհետ՝ սույն օրենքի իմաստով հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի), պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձի հիմնավորվածության, օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտության արձանագրման, հսկիչ գնումների իրականացման, Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերի դրույթներին համապատասխան՝ օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին պատասխանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը վերադարձնելու նպատակով հարկային մարմինները կարող են իրականացնել ուսումնասիրություններ:

Սույն կետի իններորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների անցկացման ընթացակարգերը (այսուհետ՝ ուսումնասիրությունների անցկացման կարգերը) սահմանվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածներով:

Սույն օրենքի հավելվածներով սահմանվում են`

1) հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների` օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձի հիմնավորվածության, օրենքով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների ճշտության արձանագրման ուսումնասիրությունների անցկացման կարգը` համաձայն 1-ին հավելվածի:

Ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի մասով հարկային հաշվանցումների, ինչպես նաև ակցիզային դրոշմանիշների շարժի և դրոշմավորման կանոնների պահպանման ուսումնասիրությունների իրականացման առանձնահատկությունները սահմանվում են այդ հարկատեսակների մասին օրենքներով.

2) հսկիչ գնումների անցկացման կարգը` համաձայն 2-րդ հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերի դրույթներին համապատասխան՝ օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին պատասխանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը վերադարձնելու նպատակով հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների անցկացման կարգը՝ համաձայն 3-րդ հավելվածի:

Սույն կետի իններորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտի հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) նպատակով, իսկ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 28-րդ հոդվածները կիրառելիս հսկիչ գնման արդյունքները կիրառվում են միայն հսկիչ գնմամբ արձանագրված արտադրատեսակների և ապրանքների նկատմամբ:

Սույն օրենքով նախատեսված տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց և ստուգում իրականացնող անձանց իրավունքներն ու պարտականությունները գործում են սույն կետի իններորդ պարբերությամբ սահմանված ուսումնասիրությունների անցկացման դեպքերում:

Իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում լրացուցիչ հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորություններ չեն առաջադրվում:

Սույն կետով նախատեսված ուսումնասիրությունն իրականացվում է նաև հարկ վճարողի (ապահովադրի) գրավոր դիմումի հիման վրա:

4. Ստուգումները կարող են լինել թեմատիկ` ուղղված տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելուն, կամ համալիր` ուղղված տնտեսավարող սուբյեկտի ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության փաստացի իրավիճակը պարզելուն: Թեմատիկ են հարկային, մաքսային, պարտադիր սոցիալական ապահովագրության, բնօգտագործման, բնապահպանական և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումները, պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները, գործունեության առանձին տեսակի իրականացման լիցենզիայի հիման վրա իրականացվող գործունեության ստուգումները, սահմանված տնտեսական նորմատիվների պահպանման վիճակի, արժեթղթերի գրանցամատյանը վարելու և դրանով իրականացվող գործառնությունների ստուգումը, արժութային գործառնությունների ստուգումը, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային կանոնների պահպանման վիճակի, երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հետ կապված փաստաթղթերի հավաստիության, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից օրենքի խախտման փաստերի քննարկման կապակցությամբ ընդունված որոշման հիման վրա ներկայացված փաստաթղթերի և այլ տեղեկատվության հավաստիության, ապրանքների և տեխնոլոգիաների` ներկայացված ելակետային տվյալներին համապատասխանության և նման այլ ստուգումները:

Համալիր է ֆինանսատնտեսական գործունեության ստուգումը, որը կատարվում է հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների, հաշվեկշռի, սկզբնական հաշվառման փաստաթղթերը լրացնելու (կազմելու) ճշտությունը պարզելու միջոցով և նպատակ ունի վեր հանել ստուգվող օբյեկտի ֆինանսատնտեսական գործունեության վերջնական կամ միջանկյալ արդյունքները` կապված սեփական և փոխառու դրամական ու ապրանքային միջոցների օգտագործման նպատակայնության և արդյունավետության հետ: Համալիր ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ պահանջելու բացառիկ իրավունքը պատկանում է տնտեսավարող սուբյեկտի բաժնետերերին, փայատերերին, հիմնադիրներին կամ անդամներին` օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում:

5. Սույն օրենքը չի տարածվում պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված քաղաքացիաիրավական գործարքների հիման վրա պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված պայմանագրի շրջանակներում պետական մարմնի կողմից որպես գործարքի կողմ իրականացվող ստուգումների վրա:

6. Սույն օրենքը չի կարգավորում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած անձանց գործունեության նկատմամբ իրականացվող վերստուգումների, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան իրականացվող ստուգումների նշանակման և անցկացման, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային հսկողության հետ կապված հարաբերությունները, տնտեսավարող սուբյեկտի գործադիր մարմնի նկատմամբ բաժնետերերի, փայատերերի, հիմնադիրների կամ անդամների կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի տարածքային ու կառուցվածքային ստորաբաժանումների նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի գործադիր մարմնի կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները:

(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-250-Ն)

(1-ին հոդ. փոփ. 03.04.01 ՀՕ-172, 14.12.01 ՀՕ-282, 24.09.03 ՀՕ-8-Ն, 11.07.04 ՀՕ-103-Ն, 08.12.04 ՀՕ-34-Ն, 14.12.04 ՀՕ-186-Ն, լրաց., փոփ. 08.07.05 ՀՕ-152-Ն, 08.12.05 ՀՕ-250-Ն, լրաց. 15.12.05 ՀՕ-28-Ն, 07.07.06 ՀՕ-162-Ն, 22.02.07 ՀՕ-108-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-10-Ն, լրաց., փոփ., խմբ. 11.10.07 ՀՕ-214-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։