Հոդված 12. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված իրավական հարաբերությունները
Հոդված 12. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված իրավական հարաբերությունները
1. Մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսինը (մինչև 53 տարեկան կինը)` միայն կնոջ (ամուսնու) հետ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ մինչև 53 տարեկան կինը` իր ցանկությամբ: Սույն իրավունքը՝ փոխնակ մոր միջոցով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասով, չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող և հայկական ծագում չունեցող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացիների և ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող` ամուսնության մեջ չգտնվող տղամարդու նկատմամբ.
3) փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող զույգը կամ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու ցանկություն հայտնած կինը կամ հայկական ծագում ունեցող և հայկական ծագումը հաստատող կրոնական և համայնքային կառույցների, ինչպես նաև պետական մարմինների կողմից տրամադրվող փաստաթղթերը ներկայացրած` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացի զույգը կամ կինը` միջգերատեսչական հանձնաժողովի թույլտվությամբ, եթե ամուսինը և կինը կամ ամուսնության մեջ չգտնվող կինը չեն հանդիսանում ապագա երեխայի կենսաբանական ծնող: Հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը:
2. (մասն ուժը կորցրել է 04.06.21 ՀՕ-264-Ն)
3. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք իրավունք ունեն առողջապահության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած կարգով նախապես իրազեկվել՝
1) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված ժառանգաբանական, բժշկագիտական և իրավական հարցերի մասին.
2) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման գործելակարգի մասին.
3) դոնորի կամ փոխնակ մոր արտաքին տվյալների, ազգային պատկանելության, ֆենոտիպի և բժշկագենետիկական հետազոտությունների արդյունքների մասին:
4. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք (ամուսինները) իրավունք ունեն ընտրել սեռաբջջի դոնորին և (կամ) փոխնակ մորը:
5. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ իրականացնելիս հաշվառվում են միայն այն դոնորների և փոխնակ մայրերի վերաբերյալ տեղեկությունները, ովքեր բժշկագենետիկական հետազոտության են ենթարկվել համապատասխան առողջապահական հաստատություններում և չունեն դոնոր կամ փոխնակ մայր լինելու հակացուցումներ:
6. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց՝ որպես ծնողների և այդ տեխնոլոգիաների օգտագործման արդյունքում ծնված երեխայի (երեխաների) միջև իրավական փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(12-րդ հոդվածը լրաց., խմբ. 29.09.16 ՀՕ-140-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-37-Ն, փոփ., խմբ., լրաց. 04.06.21 ՀՕ-264-Ն)