Հոդված 14.1. Սաղմի պահպանումը, ոչնչացումը, անհատույց տրամադրումը
Հոդված 14.1. Սաղմի պահպանումը, ոչնչացումը, անհատույց տրամադրումը
1. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրված բուժօգնության ավարտից հետո կենսաբանական ծնողներ (ծնող) հանդիսացող զույգը (կինը և տղամարդը) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող կինը գրավոր համաձայնություն է (են) տալիս արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերը`
1) անհատույց տրամադրել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնություն մատուցող բժշկական կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող կնոջը (ամուսնուն) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող կնոջը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող և հայկական ծագում ունեցող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացի զույգին կամ կնոջը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող և հայկական ծագում չունեցող Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացիների.
2) ոչնչացնել.
3) պահպանել համապատասխան բժշկական կազմակերպությունում` դրամական հատուցման դիմաց, իսկ գրավոր համաձայնությամբ նախատեսված սաղմի պահպանման ժամկետը լրանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, սաղմի պահպանման ծառայություն ստանալու մասին իր ցանկությունն ամրագրող նոր գրավոր համաձայնություն չտալու դեպքում լիազորել սաղմի պահպանումն իրականացնող բժշկական կազմակերպությանը՝
ա. անհատույց տրամադրել սաղմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող կնոջը (ամուսնուն) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող կնոջը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող և հայկական ծագում ունեցող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացի զույգին կամ կնոջը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող և հայկական ծագում չունեցող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացիների,
բ. ոչնչացնել:
2. Արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերի անհատույց տրամադրման, ոչնչացման կամ պահպանման վերաբերյալ գրավոր համաձայնության ձևը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող կնոջը (ամուսնուն) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող կնոջը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող և հայկական ծագում ունեցող՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող օտարերկրացի զույգին կամ կնոջը, սաղմի անհատույց տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:
(14.1-ին հոդվածը լրաց. 04.06.21 ՀՕ-264-Ն)