Հոդված 12. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված իրավական հարաբերությունները
Հոդված 12. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված իրավական հարաբերությունները
1. Մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսինը (կինը)` միայն կնոջ (ամուսնու) հետ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը` իր ցանկությամբ:
2. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձը կարող է լինել նաև կենսաբանական ծնողը:
3. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք իրավունք ունեն առողջապահության ոլորտի հանրապետական գործադիր մարմնի սահմանած կարգով նախապես իրազեկվել՝
1) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված ժառանգաբանական, բժշկագիտական և իրավական հարցերի մասին.
2) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման գործելակարգի մասին.
3) դոնորի կամ փոխնակ մոր արտաքին տվյալների, ազգային պատկանելության, ֆենոտիպի և բժշկագենետիկական հետազոտությունների արդյունքների մասին:
4. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք (ամուսինները) իրավունք ունեն ընտրել սեռաբջջի դոնորին և (կամ) փոխնակ մորը:
5. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ իրականացնելիս հաշվառվում են միայն այն դոնորների և փոխնակ մայրերի վերաբերյալ տեղեկությունները, ովքեր բժշկագենետիկական հետազոտության են ենթարկվել համապատասխան առողջապահական հաստատություններում և չունեն դոնոր կամ փոխնակ մայր լինելու հակացուցումներ:
6. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց՝ որպես ծնողների և այդ տեխնոլոգիաների օգտագործման արդյունքում ծնված երեխայի (երեխաների) միջև իրավական փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: