Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 11. Պետության կողմից տրամադրվող երաշխիքները հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնելիս և հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացումը վճարովի հիմունքներով

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 11. Պետության կողմից տրամադրվող երաշխիքները հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնելիս և հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացումը վճարովի հիմունքներով

1. Պետությունը երաշխավորում է Սահմանադրությամբ նախատեսված բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության օրենսդրության շրջանակում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրումը` մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա:

2. Օրենսդրությամբ նախատեսված կարգով և դեպքերում պետությունը յուրաքանչյուր հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար երաշխավորում է`

1) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, ինչպես նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումների շրջանակում անհետաձգելի հոգեբուժական օգնության և սպասարկման, ինչպես նաև հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնության և սպասարկման ծառայությունների, դեղերի տրամադրումը.

2) օրենքով սահմանված կարգով հոգեբուժական փորձաքննության բոլոր ձևերի իրականացումը, ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության իրականացումը.

3) հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց՝ օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալ-կենցաղային վիճակին օժանդակությունը.

4) խնամակալությունը.

5) իրավական հարցերով օժանդակությունը հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ժամանակահատվածում.

6) հոգեկան առողջության խնդիր ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց ուսուցումը և խնամքը.

7) արտակարգ իրավիճակների ժամանակ հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպումը.

8) Կառավարության սահմանած կարգին համապատասխան՝ դեղերի անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրումը:

3. Իրավաբանական անվճար օգնությունը հոգեբուժական կազմակերպությունում բժշկական օգնություն և սպասարկում ստացող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա տրամադրում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի նշանակած փաստաբանը:

4. Հոգեբուժական կազմակերպությունները հոգեբուժական օգնությունը և սպասարկումը իրականացնում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումների համաձայն որոշված հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման տեսակների, ներառյալ՝ հարբժշկական ծառայությունների ծավալների շրջանակներում՝ համաձայն օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրերի:

5. «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներով նախատեսված ծառայությունների մեջ չընդգրկված հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման տեսակները, հարբժշկական ծառայությունները իրականացվում են վճարովի հիմունքներով: Հոգեբուժական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

6. Օտարերկրացիների շտապ և անհետաձգելի հոգեբուժական օգնությունը և սպասարկումը տրամադրվում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումների համաձայն:

7. (մասն ուժը կորցրել է 17.12.25 ՀՕ-466-Ն)

8. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված միջոցառումներն իրականացնում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմինը:

(11-րդ հոդվածը խմբ., փոփ․ 17.12.25 ՀՕ-466-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։